Ադրբեջանի իշխանամետ լրագրողին դարձյալ ձերբակալել են, այս անգամ` թմրանյութերի համար
МЕЖДУНАРОДНОЕԱդրբեջանի իշխանության խոսափող «Հաքքին.ազ» և «Վիրտուալ.ազ» կայքերի գլխավոր խմբագիր Էյնուլլա Ֆաթուլլաևը 190 գ թմրանյութ անցկացնելու կասկածանքով Մոսկվայի օդանավակայանում ձերբակալվել է Ռուսաստանի մաքսային ծառայության աշխատակիցների կողմից:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները' նշելով, որ վերջին մեկ շաբաթվա ընթացքում դա նրա երկրորդ ձերբակալությունն է:
Ֆաթուլլաևի խոսքով' Մոսկվայի օդանավակայանում նա ձերբակալվել է Բաքվից ժամանելուց անմիջապես հետո: Օդանավակայանի մաքսային ծառայության աշխատակիցները մեկ ժամ շարունակ մանրամասնորեն խուզարկության են ենթարկել նրան: Ֆաթուլլաևը Մոսկվա էր ժամանել Օլիմպիականների առաջին միջազգային համաժողովի աշխատանքը լուսաբանելու համար:
Ադրբեջանցի իշխանամետ լրագրողի առաջին ձերբակալությունն անցյալ շաբաթվա վերջին տեղի էր ունեցել Ֆրանսիայի Կալե քաղաքում: Միջադեպը տեղի էր ունեցել Լա Մանշ նեղուցի տակով անցնող Եվրոպական թունելով Անգլիա անցնել պատրաստվող փախստականների մասին ռեպորտաժ պատրաստելու ժամանակ: Ֆաթուլլաևի այդ ձերբակալությունն ադրբեջանական ԶԼՄ-ները կապել էին ադրբեջանական իշխանությունների կողմից հովանավորվող Ֆրանսիայում գործող «Եվրոպական տեղեկատվական-իրավապաշտպան կենտրոն» կազմակերպության գործունեության հետ:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ նախկին «քաղբանտարկյալ» Էյնուլլա Ֆաթուլլաևը վերոհիշյալ կազմակերպությունը «Օքուփայ Ֆրանկֆուրտ» ձախ-անարխիստական շարժման առաջնորդ Թոմաս Պիլցի հետ ստեղծել են 2013 թվականի մայիսին, որի մեջ ներգրավել են նաև գերմանացի իրավապաշտպան Հարրի Մուրրեյին և Թուրքիայի ազդեցության տակ գտնվող մի քանի գործակալների:
2013 թվականի ապրիլին Ադրբեջանի համապատասխան մարմինների կողմից 100 հազար եվրո դրամաշնորհի դիմաց կազմակերպությունը հանձնարարական է ստացել Ադրբեջանի նախագահի աշխատակազմի հասարակական-քաղաքական հարցերով բաժնի ղեկավար Ալի Հասանովից' եվրոպական երկրներում գտնել և հրապարակել մարդու իրավունքների խախտումների վերաբերյալ իրական ու թվացյալ փաստեր, ինչպես նաև հավաքել դրանք Բաքու և կոմպրոմատներ փոխանցել Շվեդիայից, Գերմանիայից, Նորվեգիայից, Դանիայից և այլ երկրներից հայտնի եվրոպական քաղաքական գործիչների մասին, որոնք քննադատում են Ադրբեջանի իշխանություններին և վարած քաղաքականությունը:
Կազմակերպության ֆինանսական հոսքերի մասով համակարգող հանդես է եկել Բաքվում «Սորոս»-ի հիմնադրամի ծրագրերի տնօրեն Ռովշան Բաղիրովը:
Իլհամ Ալիևի աշխատակազմը նաև հովանավորել է Ստրասբուրգում հակառուսական և հակասեմիթական ակցիաները, ինչպես նաև ֆինանսավորում է Ֆաթուլլաևի կողմից ղեկավարվող իբր թե «ընդդիմադիր» կայքերը:



