Ուեյն Ռունին ավարտեց կարիերան Անգլիայի հավաքականում
СПОРТ«Էվերթոնի» հարձակվող Ուեյն Ռունին պաշտոնապես հայտարարեց Անգլիայի հավաքականում կարիերան ավարտելու մասին:
Այս կերպ, 31-ամյա ֆուտբոլիստը չի մասնակցի աշխարհի 2018 թվականի առաջնությանը Ռուսաստանում.
«Ինձ համար միշտ առանձնահատուկ է եղել Անգլիայի հավաքականում խաղալը: Ինձ համար մեծ պատիվ էր հրավիրվել ազգային հավաքական:
Շնորհակալ եմ բոլոր այն մարդկանց, ովքեր օգնել են ինձ այս ամբողջ ընթացքում, բայց զգում որ, եկել է հեռանալու ժամանակը: Ինձ համար շատ դժվար էր այս որոշումը կայացնելը»,- հայտարարել է Ռունին:
Անգլիայի ազգային հավաքականի կազմում Ռունին հանդես էր գալիս 2003 թվականի փետրվարից: 17-ամյա հարձակվողն իր նորամուտը նշել է Ավստրալիայի հավաքականի հետ խաղում:
Նա Անգլիայի հավաքականի կազմում 119 հանդիպման է մասնակցել, դարձել է 53 գոլի հեղինակ: Հանդիսանում է թիմի լավագույն ռմբարկուն և անցկացրած խաղերի քանակով զբաղեցնում է երկրորդ հորիզոնականը` զիջելով միայն Պիտեր Շիլթոնին, որը 125 հանդիպում է անցկացրել:
Ռունին դարձել է նաև Անգլիայի հավաքականի ամենաերիտասարդ ֆուտբոլիստը, որը գոլի հեղինակ է դարձել, նա Եվրո-2004-ի ընտրական փուլի` Մակեդոնիայի հետ խաղում գոլ է խփել 17 տարեկան 317 օրական հասակում:
Հատկանշական է, որ աշխարհի առաջնություններոում Ռունին ընդամենը մեկ գոլ է խփել` 2014 թվականին գրավելով Ուրուգվայի հավաքականի դարպասը: