Հանգիստ թողեք Նեմեցին
СПОРТ Արդեն ձևավորված ավանդույթ է, որ ՀՀ ֆուտբոլի ազգային հավաքականի ամեն մի պարտությունից հետո երկրպագուները պահանջում են ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի հրաժարականը: Հայրապետյանը օլիգարխ է: Ուզուրպացրել է ոլորտը, ինչպես անում են բոլոր օլիգարխներն Հայաստանում: Յուրաքանչյուրն ուզուրպացնում է մի ոլորտ: Հայաստանյան իրականության տրամաբանության մեջ սա տեղավորվում է: Այդ նույն երկրպագուները, եթե այդքան մտահոգ են Հայաստանի ու այս պետության արժեքներով, ապա ճիշտ կանեին Սամվել Ալեքսանյանի տան դիմաց ցույց անեին ու պահանջեին հրաժարվել շաքարի և ալյուրի ոլորտի մոնոպոլիայից:
Այս ամենի հետ Հայրապետյանը շատ քիչ կապ ունի: Չենք ասում կապ չունի, բայց ոչ այնքան, որքան իրեն են վերագրում: Հայաստանը երբեք ֆուտբոլ չի ունեցել, ավելին՝ ֆուտբոլային ավանդույթներ այս երկրում չկան, որ ձևավորվի նաև ֆուտբոլային պահանջ:
Առաջին ֆուտբոլային հանդիպումն Հայաստանում տեղի է ունեցել 1918 թ.–ին: Գյումրու քաղաքային զբոսայգում մրցում էին Ալեքսանդրապոլի «Սոկոլը» և Թբիլիսիի Երկաթուղայինները: Խորհրդային փուլը փոփոխություններ բերեց կյանքի բոլոր ոլորտներում՝ այդ թվում ֆուտբոլի: Էական հաջողություններ չգրանցեցինք: Մերը չէ, հո զոռով չի: Միակ բացառությունն Արարատ 73–ն էր, դա էլ խորհրդային քաղաքականության հետևանք էր: Եթե չուզեին, այդ տիտղոսն էլ չէինք նվաճի:
Նորանկախ Հայաստանում առանձնապես ֆուտբոլ չենք ունեցել: Հայաստանի ֆուտբոլն արտացոլումն է արտագաղթի, տնտեսական վիճակի, սոցիալական կացության: Ամեն օր դատարկվող Հայաստանում կարող է 50 տարին մեկ աստղ ծնվել, սակայն որևէ ոլորտ, այդ թվում ֆուտբոլը, չի կարող զարգանալ:
Եթե ուշադիր նայեք մեր անկախ պետության 26 տարիների պատմությանը, ապա մենք ունենք ընդամենը երկու չափորոշչային ֆուտբոլիստ՝ Արթուր Պետրոսյանը և Հենրիխ Մխիթարյանը: Երկրորդի վրա մեծապես ազդել է արտասահմանյան դպրոցը:
Եթե ուզում ենք Հայաստանում ֆուտբոլ ունենալ ու զարգացնել, ապա պետք է նախ երկիրը զարգացնել: Օրինաչափությունը ցույց է տալիս, որ այս ասպարեզում հաջողություններ գրանցում են զարգացած երկրները: Իհարկե, բացառություններ լինում են, սակայն դրանք շատ հազվադեպ են:
Դատարկվող մարզերով առաջնություն չես պահի և տաղանդներ չես ծնի: