Ռուսահայ էլիտայի պերճանքն ու թշվառությունը
СПОРТՄոսկվայի «Արարատ» ֆուտբոլային ակումբի շուրջ վերջին օրերին բարձրացած աղմուկը եկավ փաստելու մի բան, որ անկախ գտնվելու վայրից, հայկական նախագծերը չարաբաստիկ միտում ունեն համակարգաստեղծ լինելուց վերածվել ներհայկական մենթալիտետային գզվռտոցների:
Հիշեցնենք, մի խումբ մոսկվաբնակ հայ մեծահարուստներ որոշել էին «Արարատ» անունով ակումբ ստեղծել, որը հանդես էր գալիս Ռուսաստանի 1–ին խմբի առաջնությունում: Թիմ էին հրավիրվել ժամանակին ռուսական ֆուտբոլի մի շարք հայտնի խաղացողներ, ովքեր արդեն ֆուտբոլային տարիքից անցել էին:
Օրերս, սակայն, լուր տարածվեց, որ ակումբի տնօրենը գումար է վերցրել ակումբի ֆոնդից և անհետացել: Հետո լուրեր պտտվեցին այն մասին, որ թիմը փակվում է: Այնուհետ խոսք գնաց նոր հովանավորներ գտնելու մասին:
Զարմանալիորեն Մոսկվայի «Արարատի» շուրջ տիրող իրավիճակը ոչնչով չի տարբերվում հայկական այլ նախագծերի ճակատագրերից, որտեղ անձնական այսրոպեական շահերը գերակշռում են հեռանկարային մոտեցումներին, իսկ ռացիոնալ համակարգ ստեղծելը ստորադասվում է սիմվոլիզմին:
Երբ Մոսկվայում ստեղծվում է «Արարատ» անունով ֆուտբոլային թիմ, դա սիմվոլիզմ է և ուրիշ ոչինչ: Ենթադրենք թիմը հաջողել է: Ում է այն ներկայացնելու, օրինակ, եվրոլիգաների հանդիպումներում ՝ Մոսկվայի հայերի՞ն:
Մոսկվայի «Արարատ» թիմի նախաձեռնությունն ինքնին, նույնիսկ առանց վերջին օրերի աղմուկի, ցույց է տալիս, թե ինչպես է սփյուռքը ընկալում հայկականությունն ու Հայաստանը: Հայկականության նրա ընկալումները տեղավորվում են Հայաստանից դուրս:
Մինչդեռ Ադրբեջանում «Ղարաբաղ» անունով թիմը, որի վրա ահռելի ներդրումներ են արվել իշխանության ուղղորդմամբ, հայտնվում է Չեմպիոնների լիգայի խմբային փուլում, հայկական սփյուռքը, կորուսյալ հայրենիքի սիմվոլը որպես անուն ընտրելով, հիմնում է ֆուտբոլային թիմ, համալրում այն թոշակի գնացած աստղերով ու հայտնվում սկանդալի մեջ:
Սփյուռքին ամեն դեպքում մեղադրել չենք կարող, իրենք Հայաստանի քաղաքացի չեն, որևէ պատասխանատվություն չունեն Հայաստանի հանդեպ: Հայաստանի հանդեպ պատասխանատվություն ունի հայաստանյան իշխանությունն ու ֆուտբոլի ղեկավարությունը: Իշխանություն, որ սփյուռքի հետ բազում համաժողովներ է անում, բայց չի կարողանում նույն այդ սփյուռքի ֆուտբոլային գումարները Մոսկվայի «Արարատի» փոխարեն ուղղորդել, ասենք, դեպի Երևանի «Ալաշկերտ»:
Արտակ Ասլանյան