Արոնյանը դժվար թայ-բրեյքում հաղթեց Մատլակովին և դուրս եկավ հաջորդ փուլ
СПОРТՀայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը դուրս եկավ շախմատի աշխարհի գավաթի խաղարկության 4-րդ փուլ:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Թբիլիսում շարունակվող աշխարհի գավաթի խաղարկությանը Լևոն Արոնյանը թայ-բրեյքում մրցում էր Մաքսիմ Մատլակովի հետ: Երկու պարտիա ավարտվեց ոչ-ոքի, իսկ հաջորդ երկուսում մեկական անգամ հաղթեցին Արոնյանը և Մատլակովը: Այնուհետ հայ գրոսմայստերին հաջողվեց երկու անընդմեջ հաղթանակ տոնել և 5:3 հաշվով հաղթելով Մատլակովին՝ դուրս եկավ հաջորդ փուլ:
Աշխարհի գավաթի խաղարկությունն անցկացվում է սեպտեմբերի 2-28-ը: Հանգստյան օրերն են սեպտեմբերի 18-ը և 22-ը: Մրցաշարն անցկացվում է նոկաուտ համակարգով՝ մրցախաղում պարտվողը դուրս է մնում հետագա պայքարից:
Բացի եզրափակչից (խաղարկվելու է 4 պարտիա), բոլոր փուլերի մրցախաղերը բաղկացած են 2 պարտիայից և անցնում են հետևյալ ժամակարգով՝ 90 րոպե առաջին 40 քայլի համար, այնուհետև 30 րոպե հավելում, առաջին քայլից սկսած յուրաքանչյուր քայլի համար 30 վայրկյան հավելումով: Մրցախաղում ոչ-ոքիի դեպքում խաղարկվում է թայ-բրեյք՝ 2 պարտիա 25 րոպե + 10 վայրկյան յուրաքանչյուր քայլի համար ժամակարգով, կրկին ոչ-ոքիի դեպքում՝ 2 պարտիա 10 րոպե + 10 վայրկյան յուրաքանչյուր քայլի համար, կրկին հավասար արդյունքի դեպքում ևս 2 պարտիա՝ 5 րոպե + 3 վայրկյան յուրաքանչյուր քայլի համար: Այս մրցախաղում ոչ-ոքիի դեպքում խաղարկվում է որոշիչ պարտիա (արմագեդոն), որտեղ սպիտակներին տրվում է 5 րոպե, իսկ սևերին 4 րոպե՝ 61-րդ քայլից սկսած յուրաքանչյուր քայլի համար 3 վայրկյան հավելումով: Որոշիչ պարտիայում ոչ-ոքիի դեպքում հաղթող է ճանաչվում սևերով խաղացող շախմատիստը: Համաձայն ՖԻԴԵ-ի կանոնադրության` աշխարհի գավաթում 1-ին և 2-րդ հորիզոնականները զբաղեցրած շախմատիստներն իրավունք կստանան մասնակցելու հավակնորդների մրցաշարին: Ընդհանուր մրցանակային ֆոնդը կազմում 1.600.000 ԱՄՆ դոլար: