Աշակերտները զրկված են սպորտային պարապմունքներ անցկացնելու հնարավորությունից
СПОРТՇիրակի մարզի Գեղանիստ համայնքի միջնակարգ դպրոցը վերանորոգման կարիք ունի: Կրթօջախում վերջին նորոգումներն իրականացվել են երկրաշարժից հետո` 1989 թվականին: Կառույցի պատերը տարիների ընթացքում քայքայվել են, գոյացրել լայն ճեղքեր: Գեղանիստցի 182 աշակերտները սովորում են անմխիթար պայմաններում։ Մասնագետների ուսումնասիրության արդյունքում կառույցը գնահատվել է վթարային։
«Տանիքը քարուքանդ վիճակում է, գարնանն ու աշնանն անձրևն է դասասենյակները լցվում, իսկ ձմռանը՝ ձյունը»,– «Փաստ» օրաթերթի հետ զրույցում բողոքեցին գեղանիստցիները:
Դպրոցի մարզադահլիճը քանդված վիճակում է, և աշակերտները զրկված են սպորտային պարապմունքներ անցկացնելու հնարավորությունից։ Դպրոցականները մի կերպ են դիմակայում խստաշունչ ձմռան ցրտին, որն անարգել ներս է թափանցում քայքայված պատերի ճեղքերից: Երեխաները դպրոց մտնում են ահ ու սարսափով, վախենալով, որ ամեն րոպե կարող է կառույցի պատերը փլվել գլխներին։
«Պատերն ամրացման կարիք ունեն: Պատուհանները ջարդված վիճակում են: Դահլիճն էլ վերանորոգման կարիք ունի, վատ պայմանների պատճառով ոչ մի միջոցառում չենք կարողանում այդտեղ իրականացնել: Կան դասասենյակներ, որ լույս չունեն, կապիտալ վերանորոգման կարիք ունի ամբողջ շենքը»,– «Փաստ» օրաթերթի հետ զրույցում խնդիրները ներկայացրեց դպրոցի տնօրեն Կարինե Ղազարյանը:
Քանդված վիճակում գտնվող դպրոցում նաև դասասենյակներն են քիչ:
«Դասասենյակի կարիք կա, ունենք դասասենյակներ, բայց այդտեղ մտնելու չէ, պետք է նորոգենք, որ կարողանանք դասապարապմունքներ անցկացնենք: 12–րդ դասարանում մեկ աշակերտ է, իսկ 11–ում՝ տասներկու, մենք դասը մեկ դասարանում ենք անում»,– ասաց Գեղանիստի դպրոցի տնօրենը:
Փուլ եկող դպրոցի վիճակի մասին տեղեկացրել են բոլոր պատկան մարմիններին, Գեղանիստի դպրոցի հիմնանորոգման սկիզբն այդպես էլ չի երևում:
Մինչև պետությունը գումար կհատկացնի Գեղանիստի դպրոցի բարեկարգման համար, աշակերտները դպրոցում դժվարությունները հաղթահարելով շարունակում են դասերն այն ակնկալիքով, որ հաջորդ տարի կունենան հիմնանորոգված դպրոց, որին սպասում են արդեն տարիներ շարունակ։