Արաս Օզբիլիս. Լավ հանդիպում չանցկացրի (լուսանկարներ)
СПОРТԵս դեռ լավագույն մարզավիճակում չեմ, հայտարարել է «Սպարտակի» եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Արաս Օզբիլիսը, որը մեկնաբանել է մոսկովյան դերբիում «Դինամոյի» նկատմամբ արտագնա հաղթանակը 3:2 հաշվով:
«Սա մեր լավագույն խաղը չէր, սակայն գլխավորն այն է, որ վաստակեցինք 3 միավոր: Ինչ վերաբերում է իմ գործողություններին, ապա ես նույնպես հիանալի հանդիպում չանցկացրի: Սակայն դա բացատրելի է: Ես դեռ լավագույն մարզավիճակում չեմ: Կկարողանամ հավաքել օպտիմալ մարզավիճակ, եթե դուրս գամ խաղադաշտ: Այդ պատճառով այսօրվա խաղը շատ կարեւոր էր ինձ համար:
Դենիս Դավիդովն ու Ալեքսանդր Զուեւը կատարեցին հիանալի աշխատանք: Նրանք լավ մտան խաղի մեջ եւ թիմին օգնեցին հասնել հաղթանակի:
Ինչ վերաբերում է «Կուբանի» դեմ առաջիկա գավաթային խաղին, ապա Կրասնոդար վերադառնալը հատուկ պահ կլինի ինձ համար: «Կուբանում» չեմ անցկացրել երկար տարիներ, բայց ունեմ լավ հիշողություններ»,- Օզբիլիսի խոսքը մեջբերում է «Սպորտ Էքսպրեսը»:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 25-ին կայացած խաղում Արաս Օզբիլիսը Ռուսաստանի այս առաջնությունում առաջին անգամ ընդգրկվել էր «Սպարտակի» մեկնարկային կազմում եւ խաղաց 73 րոպե:
Ֆոտո՝ «Սպարտակի» մամուլի ծառայություն