«Բարսելոնա»-ի ղեկավարությունը պատրաստ է մեծ գումարներ ծախսել Մեսիին թիմում պահելու համար
СПОРТԿատալոնական «Բարսելոնա»-ի ղեկավարությունը պատրաստվում է ահռելի գումարներ ծախսել՝ արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսիին թիմում պահելու համար: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով Daily Mail պարբերականը, ակումբը մտադիր է Մեսիին շաբաթական 500 հազար ֆունտ-ստերլինգ աշխատավարձ առաջարկել:
Բացի այդ՝ ակումբի ղեկավարությունը պատրաստվում է նոր պայմանագիր կնքելու դեպքում Մեսիին 80 միլիոն ֆունտ-ստերլինգ հավելավճար հատկացնել: Նշվում է, որ ծախսերը փակելու համար «Բարսելոնա»-ի ղեկավարները մտադիր են 2018թ. վաճառել ակումբի մարզադաշտի «Նոու Կամպ» անվան իրավունքը:
«Բարսելոնա»-ի հետ Լիոնել Մեսիի գործող պայմանագրի ժամկետը լրանում է 2018թ. հունիսին: Կատալոնական ակումբի ղեկավարությանը դեռևս չի հաջողվել երկարաձգել թիմի առաջատարի հետ պայմանագրի ժամկետը՝ չնայած մի քանի անգամ հայտարարվել է, որ ակումբը շատ մոտ է Մեսիի հետ պայմանագրի երկարաձգմանը:
Լուրեր են շրջանառվում, որ Մեսին դիտարկում է ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո անգլիական «Մանչեսթեր Սիթի» տեղափոխվելու տարբերակը: Անգլիական ակումբը լրջորեն հետաքրքրված է Մեսիի ծառայություններով և պատրաստ է բարձր աշխատավարձ առաջարկել արգենտինացի գոլահարին: Նշվում է, որ Մեսիի կողմից նման որոշում ընդունելու հիմք կարող են հանդիսանալ «Բարսելոնա»-ի արդեն նախկին աստղ Նեյմարի տեղափոխությունը ֆրանսիական ՊՍԺ և «Բարսելոնա»-ի գլխավոր մարզչի պաշտոնում Էռնեստո Վալվերդեի նշանակումը: