Լոնդոնում կայացել է բոնդապատումի «007. Սպեկտր» ֆիլմի համաշխարհային պրեմիերան
МЕЖДУНАРОДНОЕԼոնդոնի Թագավորական Ալբերտ-հոլլում հոկտեմբերի 26-ին կայացել է բրիտանական հետախուզության սուպերգործակալ Ջեյմս Բոնդի մասին «007. Սպեկտր» ֆիլմի համաշխարհային պրեմիերան: Ցուցադրությանը ներկա են եղել Քեմբրիջի դուքսն ու դքսուհին՝ Ուիլյամը եւ Քեյթը, ինչպես նաեւ արքայազն Հարին:
Ցուցադրությունից առաջ առաջիններից մեկը կարմիր ուղեգորգ է դուրս եկել անգլիացի դերասան Դենիել Քրեյգը, որը կատարել է Ջեյմս Բոնդի գլխավոր դերը: Հայտնվելով հանրության առջեւ՝ նա սկսել է ինքնագրեր բաժանել իր մեծաթիվ երկրպագուներին եւ լուսանկարվել նրանց հետ: «Ատում եմ, երբ ինձ դիտում եմ էկրանին, բայց սիրում եմ խաղալ Ջեյմս Բոնդին: Ցնցող զգացողություն է՝ գտնվել այստեղ»,- ասել է Քրեյգը: Դերասանի համար Բոնդի այս դերն արդեն չորրորդն է:
Իտալացի դերասանուհի Մոնիկա Բելուչին, որը մարմնավորել է սուպերգործակալի ընկերուհուն, նշել է, որ ինքը երջանիկ է լինելու բոնդապատումի ժանրի «ավանդույթի բաղադրիչը»: Բոնդի երկրորդ ընկերուհու դերը խաղացել է ֆրանսիացի դերասանուհի Լեա Սեյդուն, որը ֆիլմում իր հայտնվելը համարել է «իրականացած երազանք»:
Իր հերթին կինոնկարի ռեժիսոր Սեմ Մենդեսը ֆիլմի ցուցադրությունից առաջ նշել է, որ հուզվում է, քանի որ ժապավենի վրա աշխատանքը մի քանի տարի է պահանջել: «Ես շատ եմ ցանկանում, որ մարդկանց այս ֆիլմը դուր գա այնպես, ինչպես ինձ է դուր գալիս: Ես, իրոք, հպարտանում եմ այս աշխատանքով»,- ասել է նա:
«007. Սպեկտր»-ի առեւտրային հաջողության դեպքում եռերգությունը կշարունակվի: Այդ տեսանկյունից սկզբնական ֆիլմը («007. «Սքայֆոլ» կոորդինատներ») հաջողակ էր. 200 մլն դոլար արտադրական ծախսերի դեպքում նրա դրամարկղային մուտքերը հասել են 1,108 մլրդ դոլարի, հաղորդել է ՏԱՍՍ-ը:



