ՀՀ կառավարությունը 4.5 տոկոս իրական տնտեսական աճ է կանխատեսում
ЭКОНОМИКАՀայաստանի կառավարությունը 2018 թ. 4.5 տոկոս իրական տնտեսական աճ է կանխատեսում: Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում ՀՀ 2018 թ. պետական բյուջեի նախագծի քննարկմանը ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը հայտնեց, որ եկող տարվա պետական բյուջեի նախագծում դրված է տնտեսական աճի 4.5 տոկոս ցուցանիշ: «Տնտեսական աճի այն կառուցվածքը, որ մենք ունեցել ենք 2017 թ., ակնկալվում է, որ կպահպանվի նաև 2018 թ.: Իհարկե, դրա վրա ազդում է կառավարության կիրառած գործիքակազմը: Խոսքը, մասնավորապես, այն մասին է, որ կառավարությունը ներդրումային որոշ ծրագրերի համար հետաձգում է ավելացված արժեքի հարկի վճարումը, ինչի արդյունքում այդ ներդրումները իրենց հերթին նպաստելու են տնտեսական աճին»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ մանրամասնեց Արամյանը:
Նախարարը հավելեց, որ 2018 թ. Հայաստանում տնտեսական աճին նպաստող հիմնական ճյուղերն են լինելու արդյունաբերությունը և ծառայությունները: Արամյանը մանրամասնեց, որ խոսքը, մասնավորապես, այն ծառայությունների մասին է, որոնք օժանդակող են լինելու արտահանմանը՝ հիշեցնելով, թե իրենք հայտարարել են, որ կառավարության քաղաքականության հենասյունը լինելու է արտահանման վրա հիմնված տնտեսական աճի ապահովումը:
Անդրադառնալով 2017 թ. տնտեսական աճի ցուցանիշներին՝ Արամյանն ասաց, որ 9 ամսվա կտրվածքով տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 5.1 տոկոս, ինչը թույլ է տալիս ակնկալել, որ տարվա կտրվածքով կարձանագրվի 4-4.3 տոկոս տնտեսական աճ: Նախարարը հիշեցրեց, որ 2017 թ. բյուջեով կառավարությունը կանխատեսել էր 3.2 տոկոս տնտեսական աճ, սակայն աճն ավելի բարձր է լինելու՝ 4-4.3 շրջանակում: