Փոլ Կրեկորյանը հորդորել է կոնգրեսականներին կանգնեցնել Ադրբեջանի ագրեսիան
МЕЖДУНАРОДНОЕԱդրբեջանի կառավարության կողմից Հայաստանի և Արցախի հայերի դեմ իրականացվող պատերազմական սպառնալիքների և աճող բռնության առնչությամբ Լոս Անջելեսի քաղաքային խորհրդի անդամ Փոլ Կրեկորյանը հորդորել է ԱՄՆ կոնգրեսականներին անհապաղ միջոցներ ձեռնարկել՝ փրկելու հայերի կյանքը: Վկայակոչելով «Ասպարեզ»-ը, Հարավային Կալիֆորնիայի կոնգրեսականներին ուղղված նամակում Կրեկորյանը հորդորել է ստորագրել Էդ Ռոյսի և Էլիոթ Էնգելի նամակի տակ և Ադրբեջանին պատասխանատվության ենթարկել իր հանցագործությունների համար, զերծ մնալ հետագա բռնություններից և քայլեր ձեռնարկել տարածաշրջանում տևական խաղաղության հաստատման նպատակով:
«Արցախի անկախության հռչակումից և հրադադարի պայմանագրի կնքումից ավելի քան 20 տարի անց կովկասյան տարածաշրջանում շարունակվող բռնությունները շարունակում են անմեղ կյանքեր խլել և ապակայունացնել տարածաշրջանային իրադրությունը: Մասնավորապես, Ադրբեջանի Հանրապետությունը շարունակում է իր ռազմական հռետորաբանությունը և հայտարարում ակտիվ բռնության անցնելու պատրաստակամության մասին՝ խախտելով հրադադարի ռեժիմի համաձայնագիրը» ,- նշել է Կրեկորյանը՝ հիշեցնելով նախորդ շաբաթներին Տավուշի մարզում ադրբեջանական կողմի կրակոցների հետևանքով անմ եղ քաղաքացիների մահվան դեպքերը:
Քաղաքային խորհրդի անդամը քննադատել է Միացյալ Նահանգներին այս հարցում ոչ հստակ դիրքորոշում ցուցաբերելու առնչությամբ՝ ընդգծելով, որ ԱՄՆ-ը համահավասարեցնող հայտարարություն արեց կատարվածից հետո:
«Ադրբեջանի կառավարության կողմից շարունակական ագրեսիայի պարագայում ցանկացած հայտարարություն` բարոյական հավասարության նշանով, անընդունելի է: Դա բոլորի մոտ կարող է տպավորություն թողնել, որ ԱՄՆ կառավարությունը չի տեսնում տարբերություն բռնությունը կազմակերպողի և զոհի միջև: Մեր կառավարությունը պարտավորություն ունի կանգնել այս խնդրի ճիշտ կողմում և չպետք է ապահովի Բաքվի տանիքը` Արցախի և Հայաստանի Հանրապետության հայ ժողովրդի դեմ հանցագործությունների համար»,- ասվում է Կրեկորյանի նամակում:



