Տնտեսագետ. «Խնայողությունների հաշվին հնարավոր է նվազեցնել գազի գինը»
ЭКОНОМИКАՌուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը հայաստանյան իր այցի շրջանակներում հայտարարեց, որ Հայաստանի համար սահմանված գազի հատուկ գինն այս տարի չի փոխվի: Մի շարք փորձագիտական շրջանակներ, այնուամենայնիվ, շարունակում էին հայտնել այն տեսակետը, որ ցանկության դեպքում հնարավոր է իջեցնել թե՛ սահմանին և թե՛ սպառողին վաճառվող գազի գինը:
Տնտեսագետ Մեսրոպ Առաքելյանը նկատում է, որ գազի գնի հաշվարկման մասով հաճախ լուրջ խնդիր է առաջանում, որովհետև ՌԴ–ից ձեռք բերվող գազի գինն այլ է, սպառողներին վաճառվող գինը` այլ:
«Հասարակությանն առաջին հերթին հետաքրքրում է այն գինը, որն առաջանում է գազ սպառելու արդյունքում: Դ. Մեդվեդևի հայտարարությունը վերաբերում է սահմանից գնվող գազին: ՌԴ–ից ձեռք բերելու պարագայում այդ գինն էականորեն տարբերվում է սպառողներին վաճառվող գնից: ՌԴ–ն մեզ վաճառում է իր երկրի հարավային շրջանում վաճառվող գնով, որը մի շարք երկրների համեմատ ցածր է: Բայց վերջնական սպառման գինը լինում է մոտ երկու անգամ ավելի, քան սահմանի գինն է: Եվ երբ սպառողին վաճառվող գինը համեմատում ենք ԵՏՄ, կամ տարածաշրջանի այլ երկրների գների հետ, այն էականորեն տարբերվում է` ավելի բարձր է: Սակայն դա ԵՏՄ համագործակցության կամ հայ–ռուսական տնտեսական համագործակցության հետ ուղղակիորեն կապ չունի: Սպառողների համար գազի գինը ձևավորվում է Հայաստանում, առանց ՌԴ–ի որևէ ազդեցության: Ուղղակիորեն կապ չունի, բայց անուղղակիորեն` այո: Հաշվի առնելով, որ «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը պատկանում է ռուսական «Գազպրոմ» ընկերությանը, այդ տեսանկյունից ստացվում է, որ գազի սպառման դիմաց վճարված գումարն ամբողջովին ուղղվում է «Գազպրոմ»–ին»,– Past.am–ի հետ զրույցում ասաց տնտեսագետը:
Ինչ վերաբերում է ՌԴ–ի կողմից սահմանին վաճառվող գնին ու հարցին, թե ԵՏՄ գործոնով պայմանավորված այն նվազելու հնարավորություն չունի՞, տնտեսագետը նշեց. «Հաշվի առնելով գազի գնի վրա ազդող տեղափոխման ծախսի մեծ մասնաբաժինը` գների տարբերություն է նկատվում: Այդ հանգամանքով է պայմանավորված նաև այն, որ Հայաստանում գազի գինը համարժեք է ՌԴ–ի հարավային տարածաշրջանում գազի առկա գներին: Նույն ՌԴ–ում, կապված տարածքից, գազի գինը տարբեր է: Այնպես չէ, որ այդ երկրի ամբողջ տարածքում այն նույն գնով է վաճառվում, կա տեղափոխման գործոնը: Հաշվի առնելով նաև ՌԴ–ի հարավային շրջանների գազի գինը, Վրաստանում տարանցիկ վճարման 10%–ը, կարծում եմ, որ Հայաստանին վաճառվող գազի գինը, համեմատած մյուս երկրների հետ այդքան էլ բարձր չէ: Այս հարցում համագործակցության ազդեցությունը որոշ չափով կա»:
Իսկ հարցին, թե ի՞նչ հնարավորություններ կան սպառողին ավելի էժան գազ մատակարարելու համար, Մ. Առաքելյանը պատասխանեց. «Հաշվի առնելով կորուստների, վարչական ծախսերի կրճատումը, կարծում եմ, որ որոշ չափով հնարավոր է խնայողությունների հաշվին նվազեցնել գազի գինը: Բայց պետք է փորձել այլընտրանքային էներգակիրների` մասնավորապես իրանական գազի տարբերակը քննարկել: Բացի այդ, պետք է քննարկել նաև այլընտրանքային էներգիայի աղբյուրների վերականգնման հարցը, որն ավելի հեռանկարային է: Օրինակ` արևային էներգիան զարգացած երկրներում բավականին մեծ մասնաբաժին ունի: Դրանք երկրներ են, որոնք թեև գազի ձեռքբերման կամ վճարունակության հետ որևէ խնդիր չունեն, բայց առաջին հերթին փորձում են հասնել արևային էներգիային: Հայաստանի բնակլիմայական պայմանները հաշվի առնելով` գազի հիմնական փոխարինիչ կարող է հանդիսանալ հենց արևային էներգիան»:
Աննա Բադալյան