Վերականգնվող էներգետիկայի զարգացման բնագավառում Հայաստանի փորձն ուսանելի է
ЭКОНОМИКАՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանը, ելույթ ունենալով ԱՊՀ էլեկտրաէներգետիկական խորհրդի նոյեմբերին 4-ին Տաշքենդում կայացած նիստում, ներկայացրել է Հայաստանի էներգետիկայի զարգացման հիմնական ուղղությունները: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:
Նախարարն անդրադարձել է մեր երկրում ատոմային էներգետիկայի զարգացման, առաջնային էներգետիկ պաշարների դիվերսիֆիկացման և գազային ջերմակայանների արտադրության արդյունավետության բարձրացման խնդիրներին։ Իր ելույթում Աշոտ Մանուկյանը խոսել է նաև երկրի ներքին սպառման կառուցվածքում սեփական վերականգնվող աղբյուրներից ստացվող էլեկտրաէներգիայի տեսակարար կշռի շարունակական ավելացման ուղղությամբ իրականացվող քայլերի մասին:
Ներկայացնելով ԱՊՀ երկրներում վերականգնվող էներգետիկայի զարգացման գերակայությունների ճանապարհային քարտեզը` ՌԴ Էկոնոմիկայի բարձրագույն դպրոցի Վերականգնվող էներգետիկայի զարգացման կենտրոնի ղեկավար Գեորգի Երմոլենկոն ընդգծել է, որ վերականգնվող էներգետիկայի զարգացման և էներգախնայողության բնագավառում Հայաստանի փորձն ուսանելի է:
Նիստում քննարկվել են էլեկտրագազային կայանքների շահագործման տեխնիկայի անվտանգությանը, սարքավորումների հուսալիությանը, շրջակա միջավայրի վրա ազդեցության նվազեցմանը, ինչպես նաև ոլորտի խնդիրներին առնչվող ավելի քան 6 տասնյակ այլ հարցեր:
Անդրադարձ է արվել նաև կադրային հարցերին։ ԱՊՀ էլեկտրաէներգետիկական խորհրդի գործադիր կոմիտեի նախագահի պաշտոնում ընտրվել է Իգոր Կուզկոն:
Նիստին մասնակցել են Հայաստանի, Ռուսաստանի Դաշնության, Բելառուսի, Ղազախստանի, Տաջիկստանի, Թուրքմենստանի էներգետիկայի նախարարները, Ուզբեկստանի փոխվարչապետը, Սաուդյան Արաբիայի էներգետիկայի, արդյունաբերության և բնական պաշարների նախարարը, Ադրբեջանի ու Ղրղզստանի էներգետիկայի փոխնախարարները:
Համաժողովի շրջանակներում Աշոտ Մանուկյանը հանդիպումներ է ունեցել ՌԴ էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակի, Բելառուսի էներգետիկայի նախարար Վլադիմիր Պատուպչիկի, Ղազախստանի էներգետիկայի նախարար Կանատ Բոզումբաևի հետ:
http://armenpress.am/arm/news/