ՀՀ–ն Իրանից ներմուծվող գազի ծավալներն ավելացնելու հնարավորություն կունենա
ЭКОНОМИКАPast.am -ը տեղեկացնում է.Հայաստան–Իրան երրորդ բարձրավոլտ էլեկտրական կայանի շինարարության ավարտից հետո Հայաստանը հնարավորություն կունենա ավելացնել Իրանից գազի ներմուծման ծավալները: Ազգային ժողովում ՀՀ 2018 թ. պետական բյուջեի նախագծի քննարկմանն այս մասին ասաց ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը:
«Երբ մենք ավարտենք այդ կայանի շինարարությունը, հնարավորություն կունենանք ավելացնել իրանական գազի ներմուծման ծավալները: Այս պահին այն խողովակը, որով մենք Իրանից գազ ենք ստանում, օգտագործվում է 20–25%–ով: Մենք հիմա ի վիճակի չենք ավելին օգտագործել, որովհետև կա պայմանավորվածություն՝ մենք Իրանին տալիս ենք էլեկտրաէներգիա, նրանք մեզ դրա դիմաց՝ գազ: Այս պահին մեր հզորությունները բավարար չեն, որպեսզի նրանց ավելի շատ էլեկտրաէներգիա տանք, ինչի դիմաց կարող ենք գազի ներմուծման ծավալներն ավելացնել»,– ասաց փոխնախարարը:
Նա հավելեց, որ նոր բարձրավոլտ էլեկտրական կայանի կառուցումը հնարավորություն կտա Իրան ավելի շատ էլեկտրաէներգիա մատակարարել, ինչի դիմաց Հայաստանն ավելի շատ գազ կստանա Իրանից: