Հանքավայրի ու հուշարձանների միջև հեռավորությունը մեկ կիլոմետր էլ չկա
ЭКОНОМИКАPast.am-ը տեղեկացնում է.«Ստեփգազ» ընկերությունը պատրաստվում է շահագործել Ուրասարի բազալտի հանքավայրը: Ըստ Բնապահպանության նախարարության կայքի՝ նոյեմբերի 10–ին Ստեփանավանի համայնքապետարանի շենքում տեղի կունենա «Ստեփգազ» ՍՊԸ–ի կողմից Լոռու մարզի Ուրասարի դոլերիտային բազալտի հանքավայրի հյուսիսարևելյան տեղամասում օգտակար հանածոյի արդյունահանման աշխատանքների՝ շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկումների երկրորդ փուլը:
Ուրասարի դոլերիտային բազալտների հանքավայրի հյուսիսարևելյան տեղամասում ընկերությունը նախատեսում է իրականացնել օգտակար հանածոյի արդյունահանման աշխատանքներ: Ուրասարի հանքավայրի հյուսիսարևելյան տեղամասը վարչական տեսակետից գտնվում է Ստեփանավանի ենթաշրջանում և տեղակայված է Ուրասար գյուղից 0,1 կմ հարավ–արևելք, Ուրասար–Ստեփանավան ավտոճանապարհի հարևանությամբ, Չքնաղ գետի կանիոնի աջ լանջին և զբաղեցնում է մոտ 0,7 հա մակերեսով տարածք:
Տեղամասի դոլերիտային բազալտների պաշարները հաստատվել են Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության աշխատակազմի օգտակար հանածոների պաշարների գործակալության եզրակացությամբ 94 հազար 700 խորանարդ մետր քանակությամբ:
«Ստեփգազ» ընկերությունը Ուրասարի դոլերիտային բազալտների հանքավայրի հյուսիսարևելյան տեղամասի շահագործումը նախատեսում է իրականացնել բաց եղանակով: Մակաբացման ապարների ընդհանուր ծավալը կազմում է շուրջ 15 հազար խորանարդ մետր: Բազալտների արդյունահանման թափոնները պիտանի են շինարարական խճի և ավազի արտադրության համար, որպես ծանր լցանյութ: Բացահանքի ծառայման ժամկետը կազմում է մոտ 50 տարի, տարեկան արդյունահանվող բազալտների ծավալը՝ մոտ 2 հազար 800 խորանարդ մետր:
Ըստ նախագծի՝ հանքավայրից այնքան էլ հեռու չեն գտնվում մի քանի հուշարձաններ: Լոռու մարզի Ուրասար համայնքի տարածքում են գտնվում պատմության և մշակույթի հետևյալ հուշարձանները՝ Ք.ա. 2–1–ին հազարամյակի ամրոց–բնակատեղի և դամբարանադաշտ, որը գտնվում է գյուղից 1կմ հյուսիս–արևելք, Ք.ա. 3–1–ին հազարամյակի բնակատեղի և դամբարանադաշտ Ստեփանավան–Ուրասար ճանապարհի երկու կողմում, 1974 թ. կառուցված հուշակոթող՝ նվիրված Երկրորդ աշխարհամարտում զոհվածներին՝ տեղադրված գյուղի մեջ և 19–րդ դարի ջրաղաց, որ տեղակայված է գյուղի արևելյան մասում:
Դոլերիտային բազալտի արդյունահանման համար հայցվող տեղամասը Ուրասար համայնքի պատմության և մշակույթի հողերից մոտ մեկ կմ հեռավորության վրա է գտնվում: Նախագծի հեղինակների համոզմամբ՝ բազալտի արդյունահանման տեխնոլոգիան և հեռավորությունը պատմական, մշակութային օբյեկտներից թույլ է տալիս ենթադրել, որ հանքավայրի շահագործումը չի կարող որևիցե կերպ անդրադառնալ պատմամշակութային հուշարձանի վիճակի վրա:
Նախագծում նաև ասված է, թե նախնական հաշվարկների համաձայն, բացահանքում փոշու և վնասակար առավելագույն կոնցենտրացիաները չեն գերազանցելու նորմատիվային փաստաթղթերով ամրագրված սահմանային թույլատրելի խտությունները: