ՀԱԷԿ–ի առաջին տուրբոգեներատորը շուտով Հայաստանում կլինի
ЭКОНОМИКА«ՀԱԷԿ–ի երկրորդ էներգաբլոկի շահագործման նախագծային ժամկետի երկարաձգման և արդիականացման միջոցառումների շրջանակներում, սահմանված ժամանակացույցի համաձայն, սկսվել է նախատեսվող սարքավորումների առաջին փուլի մատակարարումը Հայաստան»,– կարդում ենք Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների կայքում։ Միաժամանակ ասվում է, որ հայտարարված մրցույթների արդյունքում լիազորված կազմակերպությունների հետ կնքվել է շուրջ 40 համաձայնագիր, որից 36–ի ֆինանսավորումն արդեն բացված է։ Գումարի շրջանակներում նախատեսվում է մի շարք կարևոր սարքավորումների մատակարարում, որոնք պետք է տեղադրվեն ատոմակայանում։
Սարքավորումներից արդեն իսկ ճանապարհին է առաջին տուրբոգեներատորը։ «Силовые машины» ընկերությունը Հայաստան է ուղարկել Հայկական ատոմակայանի համար նախատեսված տուրբոգեներատորներից առաջինը։ Մատակարարման փաթեթը ներառում է նաև օժանդակ, գործընթացի հսկման և շարժիչային համակարգեր։ Այս մասին տեղեկանում ենք ընկերության կայքից։
Սարքավորումը տեղ կհասցնեն ծովով մինչև Փոթիի նավահանգիստ, որտեղից արդեն այն օդային տրանսպորտով կտեղափոխվի ՀԱԷԿ–ի տարածք։
2016 թ. կնքված պայմանագրի համաձայն՝ դեկտեմբերին «Силовые машины» ընկերությունը պետք է պատրաստի և առաքի «Ռոսատոմի» կողմից արդիականացվող Հայկական ԱԷԿ–ի երկրորդ էներգաբլոկի համար նախատեսված երկու տուրբոգեներատոր՝ նվազագույնը 236 մՎտ հզորությամբ։ Աշխատանքների ծավալի մեջ են մտնում նաև սարքավորումների տեղադրումն ու վերահսկումը։
Նոր ագրեգատները կզբաղեցնեն հների տեղը՝ պատրաստված դեռևս 1970–ական թթ.։ Դրանք կփոխարինվեն օժանդակ համակարգերի հետ միասին, ինչն իրենից ներկայացնում է ծրագրի համար իրականացվող աշխատանքների առանձնահատկություններից մեկը։
Սարքավորումների շահագործումը նախատեսվում է 2018–2019 թթ.։
Նշենք, որ ՀԱԷԿ–ի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման ծրագիրն իրականացվում է ՀՀ և ՌԴ կառավարությունների միջև ստորագրված համաձայնագով տրամադրված 270 մլն դոլար վարկային և 30 մլն դոլար դրամաշնորհային միջոցների հաշվին։