Առևտրականներ. «Հո մենք հանցագործներ չենք»
ЭКОНОМИКАԵրեկ տասնյակ առևտրականներ հավաքվել էին ԱԺ–ի դիմաց՝ իրենց բողոքի ձայնն արտահայտելու վերջերս ակտիվացած ՊԵԿ ստուգումների դեմ: Բանն այն է, որ նոր կարգավորումներով ՊԵԿ–ն առևտրականներից պահանջում է փաստաթղթավորել յուրաքանչյուր ապրանք, հակառակ դեպքում նրանք կտուգանվեն:
Առևտրականների հետ հանդիպելու առաջինը եկան ԱԺ «Ծառուկյան» խմբակցության ներկայացուցիչներ Վահե Էնֆիաջյանն ու Միքայել Մելքումյանը խոստացան հարցին լուրջ նայել ու իրենց կողքին լինել: Որոշ ժամանակ անց դուրս եկավ նաև Նիկոլ Փաշինյանը, ով, լսելով առևտրականների պահանջը, համաձայնեց աջակցել նրանց:
Ակցիայի մասնակիցների մեծամասնությունը «Առինջ մոլի» առևտրականներն էին, ովքեր բողոքում էին ՊԵԿ աշխատակիցների՝ իրենց նկատմամբ ցուցաբերած անհարգալից վերաբերմունքից: Առևտրականների խոսքով՝ նրանք գալիս են մուտքերի մոտ կանգնում, իրենց հաճախորդներից հետաքրքրվում, թե ապրանքն ումից գնեցին, փաստաթուղթ ներկայացվեց, թե ոչ: Կամ էլ գնորդի ավտոմեքենան բացելու պահանջ են ներկայացնում: Այս ամենն ըստ հավաքվածների, անթույլատրելի է:
Ակցիան համակարգող «Համերաշխություն» հասարակական կազմակերպության նախագահ Արմեն Ներսիսյանը Past.am-ին տված հարցազրույցում նշեց, որ իրենց վերաբերվում են այնպես, կարծես թե հանցագործներ լինեն. «Հենց սկսում են Ազգային ժողովում շեմի հարց բարձրացնել, չգիտես ինչու, որոշում են նորից գնալ փոքր ու միջին ձեռներեցներին նեղացնել: Նեղացնում են տեռորի ենթարկելով, անհիմն հետաքննություններով ու մարդկանց հետ ժարգոնային ոճով խոսելով: Բայց հո մենք հանցագործներ չե՞նք, որ դուք մեզ հետ կոշտ–կոպիտ խոսեք: Մենք մեր կանանց ու երեխաների հետ ենք աշխատում, ի՞նչ իմաստ ունի դա: Եթե Վովա Գասպարյանը կարողացավ այնպես անել, որ հանցագործների հետ շատ բարեխիղճ են խոսում, նախկին ծեծել–ջարդելու փոխարեն, ապա մեզ հետ ինչու են այսպես խոսում»:
Ներսիսյանը նաև հավելեց, որ պատրաստվում են պարզել վարչապետ Կարեն Կարապետյանի ու ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանի՝ հարստանալու ճանապարհները: Հարցին, թե ինչպե՞ս են պատրաստվում ճշտել, պատասխանեց, որ պատգամավորներին խնդրել են հատուկ հանձնաժողով ստեղծել, որում իրենք էլ կներգրավվեն ու կպարզեն վարչապետի ու ՊԵԿ նախագահի հարստանալու ճանապարհը: Ներսիսյանի խոսքով, եթե իրենց հետ այսպիսի քաղաքականություն են վարում, ապա արդեն նեղացնելու իրենց հերթն է:
Ներսիսյանը նաև պատմեց, որ նման իրավիճակ առաջացել էր նաև սրանից մի քանի տարի առաջ՝ 2014 թ.: Այդ ժամանակ առևտրականները խնդրել էին հարցը թողնել կամավորության սկզբունքի վրա: Այսինքն՝ նա, ով փաստաթուղթ ուներ, վճարում էր 1,5%, իսկ ով չէր ցանկանում փաստաթղթով աշխատել, վճարելու էր 5 տոկոս: Սակայն այս խնդիրն այսօր կրկին է ծագել: Եվ շարժման ղեկավարը տարակուսում է. «Ասում են՝ մինչև չգնաք Նորֆոլկ («ՆորՖոլկ Քոնսալթինգ» ՍՊԸ–ն, որ զբաղվում է ՀՀ մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքների մաքսազերծմամբ,– խմբ.), պայմանագիր չկապեք, հաշիվ–ֆակտուրաներ չվերցնեք, ձեր ապրանքը չենք տալու: Այդ ինչպե՞ս է ստացվում, որ Նորֆոլկը միանգամից մենաշնորհ ունեցավ: Ինչի՞ համար են ստիպում մարդուն գնալ փաստաթուղթ վերցնել»,– դժգոհեց նա:
ՔՐԻՍՏԻՆԱ ՏԵՐ–ՄԱԹԵՎՈՍՅԱՆ