«Պարը դպրոցում» նախագիծն իրականացվեց Երևանում
ОБЩЕСТВОՆոյեմբերի 16-19-ը Երևանում հայ և վրացի ավելի քան քառասուն աշակերտի համար իրականացվեց «Պարը դպրոցում» նախագիծը: Հանդիպումը տեղի ունեցավ PASH ծրագրի և Վրաստանի Գյոթե Ինստիտուտի նախաձեռնությամբ։ Նախագծի նպատակն էր պարի միջոցով մերձեցնել տարբեր երկրների դպրոցականներին, ինչպես նաև նպաստել գերմաներենի ուսուցմանը։ Ծրագրի կազմակերպիչներից Դանա Շլուխթմանն իր խոսքում նշեց.«PASH համակարգը իր մեջ ներառում է արդեն 1800 դպրոց։ Մեր ցանկությունն է ոչ միայն միավորել Գերմանիայի դպրոցները արտասահմանյան մյուս դպրոցների հետ, այլև նպաստելնույն տարածաշրջանի դպրոցականների ծանոթությանը, բարեկամությանը»։
«Պարը դպրոցում» նախագծի նպատակն էր պարի միջոցով ցույց տալ, թե ինչպես կարելի է սովորել գերմաներեն,լեզվին տիրապետել ոչ թե քերականության, այլ շարժումների միջոցով:
Ծրագրի իրականացման գործում մեծ դերակատարում ունեցան Գերմանիայից ժամանած պարուսույցները։ Վերջիններս այս բնագավառում արդեն մեծ փորձ ունեն և լեզվի ուսուցումը համադրում են պարի հետ։
«Մենք կարողանում ենք պարել ածականներ և իրենց համեմատության աստիճանները։Մենք ցույց կտանք ածականներ, սակայն այն չենք թարգմանի , չէ որ մարմինը ինքն իրենով խոսում է», - ահա այսպես մեկնաբանեց իրենց անելիքը «Պարի ժամանակը» գերմանական համույթի պարուսույց Ան Բեքմանըերևանյան եզրափակիչ միջոցառման ժամանակ։



