Թալիշում Ամանորի շեմին մի քանի բնակարաններ շահագործման կհանձնվեն
ЭКОНОМИКАԱրցախի Հանրապետության Մարտակերտի շրջանի Թալիշ գյուղում ակտիվորեն շինարարական աշխատանքները շարունակվում են:
Ամանորի շեմին արդեն մի քանի բնակարաններ շահագործման կհանձնվեն: Այս մասին «Փաստ» օրաթերթի թղթակցի հետ զրույցում տեղեկացրեց Արցախի քաղաքաշինության նախարարության մամուլի քարտուղար Հունան Թադևոսյանը: Թալիշում մշտական բնակություն են հաստատելու այն բնակիչները, ովքեր առաջինն են ցանկություն հայտնել վերադառնալ գյուղ: Բնակարանաշինության առաջին ծրագրով 17 բնակելի տուն է կառուցվում: Մի քանի տներ արդեն լիովին պատրաստ են բնակության համար:
«Որոշ առանձնատներում իրականացվում են ցանկապատման աշխատանքներ: Նաև կառուցման փուլում են ճանապարհի հենապատերը: Բոլոր տներում առկա են սանհանգույցներ, խոհանոցներ, կահավորված ննջասենյակներ և հյուրասենյակներ: Բնակարանների տեղակապումն այնպես է արված, որ հակառակորդի կողմից անտեսանելի լինեն, տներում նաև ապաստարաններ են կառուցվել»,– մանրամասնեց գերատեսչության ներկայացուցիչը:
Տարեվերջին շահագործման կհանձնվեն նաև համայնքապետարանն ու հանդիսությունների սրահը: Համայնքային կենտրոնի շենքը կունենա համայնքի ղեկավարի աշխատակազմի համար նախատեսված սենյակներ, բուժկետ, երիտասարդների ժամանցի համար խաղասենյակներ: Այստեղ առայժմ ներկարարական աշխատանքներն են կատարվում:
Հունան Թադևոսյանի փոխանցմամբ՝ վերակառուցվում է նաև գյուղի հանդիսությունների դահլիճը, որն ավերվել էր հրետակոծության հետևանքով: Շենքի հիմքերն ուժեղացվել են, տանիքի ծածկն իր բոլոր հարդարման աշխատանքներով ամբողջությամբ նորացվել է: Գյուղի վերակառուցման աշխատանքներին նաև թալիշցիներն են ներգրավված:
«Մարդիկ կան, որոնք արդեն հող են մշակում: Տղամարդկանց մի մասը շինարարների հետ աշխատում են՝ որպես աշխատանք գումար են ստանում և իրենց տունը վերակառուցում»,– ասաց նա:
Թալիշ տանող ճանապարհը նույնպես անվտանգ են դարձնում:
«Տարանցիկ ճանապարհներ են կառուցվում, որոնք մեծ նշանակություն կունենան գյուղի անվտանգության համար»,– հայտնեց Հունան Թադևոսյանը:
Բնակարանաշինության երկրորդ փուլով կառուցվելու է ևս 10 տուն, որից 2–ի աշխատանքներն արդեն ընթացքի մեջ են:
Իսկ նոր ուսումնական տարում շահագործման կհանձնվեն դպրոցի և մանկապարտեզի շենքերը՝ իրենց բոլոր հարմարություններով՝ բարեկարգմամբ, գիշերային լուսավորությամբ և խաղահրապարակներով:
Հիշեցնենք, որ 2016 թվականի ապրիլի 1–ի լույս ապրիլի 2–ի գիշերը՝ ապրիլյան պատերազմի օրերին, ադրբեջանցիներին հաջողվել էր Թալիշ մտել և ռմբակոծել տներն ու գյուղի ենթակառուցվածքները: Ադրբեջանցիները գնդակահարել էին գյուղի բնակիչներ Վալերա Խալափյանին և նրա կնոջը՝ Ռազմելային, կտրել նրանց ականջները։ Նրանք գնդակահարել էին նաև 1924 թվականին ծնված Մարուսյա Խալափյանին։ Ապրիլյան քառօրյա պատերազմի հետևանքով Թալիշի բնակիչները տարհանվել են, գյուղն ավերվել էր: 2016 թ. հուլիսի 25–ից թալիշցիները սկսել են բնակվել Մարտակերտի շրջանի Ալաշան ավանում: Երեխաների համար Ալաշանում բացվել է նաև դպրոց:
Մանյա Պողոսյան