Խոշոր ու միջին հարկ վճարողների շահութահարկի գծով մուտքերն աճել են 1.6 միլիարդ դրամով
ЭКОНОМИКАԽոշոր և միջին հարկ վճարողների կողմից շահութահարկի գծով հարկային մուտքերը 2017 թվականի հունվար-հոկտեմբերին աճել են 1.6 միլիարդ դրամով: Դրան զուգահեռ, սակայն, 8.7 միլիարդ դրամով նվազել են շահութահարկի գծով գերավճարները: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ լրագրողներին այս մասին տեղեկացրեց ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի Խոշոր և միջին հարկ վճարողների տեսչության պետ Արմեն Սաֆարյանը:
Նա ավելացրեց, որ գերավճարների նվազումը հարկային մուտքերում գերավճարի բացառման և պարտավորությունների մասը գերավճարներից մարելու հետևանքն է: «Հաշվի առնելով նշված հանգամանքները՝ վարչարարության արդյունքում շահութահարկի աճը 2017 թվականի տասն ամիսների կտրվածքով կկազմի 10.4 միլիարդ դրամ կամ 17,2 տոկոս»,- ասաց պաշտոնյան:
ՊԵԿ-ի պաշտոնյան հայտնեց, որ ընթացիկ տարվա տասն ամիսների ընթացքում ակցիզային հարկի գծով հարկային մուտքերն աճել են 7.7 միլիարդ դրամով: Աճ է արձանագրվել նաև ռոյալթիի վճարման գծով՝ 5.5 միլիարդ դրամով:
Ինչ վերաբերում է ավելացված արժեքի հարկի գծով հարկային մուտքերին, ապա նշյալ ժամանակահատվածում դրանք նվազել են 3 միլիարդ դրամով, ինչը պայմանավորված է որոշ ոլորտներում և առանձին հարկ վճարողների մոտ իրացման շրջանառությունների նվազմամբ և այն հանգամանքով, որ ԱԱՀ-ի գծով պարտավորությունների մասը մարվել է առկա գերավճարների հաշվին: