Անտառվերականգնման աշխատանքները տարեցտարի նվազեցնում են
ЭКОНОМИКА«Փաստ» օրաթերթը գրում է
Նախորդ տարի ընդհանուր առմամբ ապօրինի ծառահատումների արդյունքում Հայաստանում հատվել է 1481 ծառ՝ 1110,7 խորանարդ մետր խտությամբ: Ակտերով ձևակերպված ծառահատումները նույնպես նույն թիվն են կազմել: Այս մասին տեղեկանում ենք Ազգային վիճակագրական ծառայության կայքում տեղադրված վերջին հրապարակումներից:
Այն տվյալներ է պարունակում վերջին մի քանի տարիներին գրանցված ծառահատումներից: Եվ կարելի է ասել, որ 2012–2016 թթ. ընթացքում ամենից շատ ծառահատումներ գրանցվել են 2015 թ.՝ այդ ժամանակ ապօրինի ծառահատումների թիվը կազմել է 2660:
Չնայած որ նախորդ տարի ապօրինի ծառահատումների թիվը կազմել է 1481 և դա մոտ 1200–ով պակաս է 2015 թ. գրանցված ծառահատումների թվից, ամեն դեպքում վերջին տարիների համար այն նույնպես փոքր թիվ չէ: 2012 թ. ԱՎԾ–ի կողմից հաշվարկվել է 1186 ապօրինի ծառահատում, 2013 թ.՝ 867, իսկ 2014 թ.–ին՝ 1263:
Աղյուսակից նաև տեսնում ենք, որ նախորդ տարիներին հակահրդեհային ճանապարհներ վերջին անգամ կառուցվել են 2013 թ.՝ 3,5 կմ երկարությամբ: Անտառային հրդեհները նախորդ տարի ընդգրկել են 97,9 հա տարածք, որից անտառածածկ է եղել 37–ը: Ընդհանուր առմամբ հրդեհների քանակը կազմել է 41: Ամենից շատ հրդեհներ գրանցվել են 2012 թ.՝ 63, իսկ ամենից քիչ՝ 2013 թ.–ին, այն է՝ 23: Այս տվյալներից կարելի է եզրակացնել, որ 2013 թ. բնությանը համեմատաբար քիչ վնաս է հասցվել. և՛ հրդեհներն են սակավ եղել, և՛ ապօրինի ծառահատումները:
Միաժամանակ ամենից շատ հրդեհված անտառներ ու հրդեհված հողեր ենք ունեցել սրանից 2 տարի առաջ՝ 2015 թ.–ին: Այն ժամանակ գրանցվել էր 1326,9 հա այրված անտառ: 2016 թ. տարեսկզբին անտառի վնասատուների և հիվանդությունների օջախների թիվը կազմել է 9519, որոնցից բոլորն էլ պայքարի միջոցառումների կարիք են ունեցել, սակայն ըստ վիճակագրության՝ վերացվել են ոչ բոլորը՝ 9269–ը: Արդեն նախորդ տարվա վերջին գրանցվել է 10 հազար 120 դեպք, որոնցից կրկին բոլորն էլ պայքարի միջոցառումներ են պահանջել:
2016 թ. անտառատնկում ու ցանքս է իրականացվել 32,9 հա–ի վրա: Եթե համեմատելու լինենք նախորդ տարիների հետ, ապա այս միջոցառումների ծավալը 2012 և 2013 թթ. համեմատությամբ զգալիորեն նվազել է. 2012 թ.–ին այն կազմել է 177,6 հա, 2013–ին՝ 274,7 հա, 2014–ին՝ 57,2, իսկ 2015–ին՝ 81,2 հա:
Ըստ հրապարակման՝ տնկարկիների առաջին տարվա կպչողականությունը 2016 թ. կազմել է 60%: Անտառվերականգնումը՝ ներառյալ անտառի բնական վերաճին օժանդակող միջոցառումները ընդգրկել են 110,5 հա տարածք: Նախորդ տարի իրականացվել է նաև տնկանյութերի արտադրություն՝ խոսքը գնում է սերմնաբույսերի մասին, որոնց թիվը կազմել է 203 հազար 300:
Քրիստինա Տեր-Մաթևոսյան