Ըստ Միրումյանի՝ թանկացումներն այլ պատճառ ունեն
ЭКОНОМИКАԸստ Պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Վախթանգ Միրումյանի 2018թ. հունվարից Հայաստանում էական թանկացումներ պետք չէ սպասել: Այս մասին նա ասել է Ազգային ժողովում, լրագրողների հարցին ի պատասխան
«Հայաստանի համար Եվրասիական տնտեսական միության միասնական տարիֆների բացառության ժամկետը կամաց-կամաց լրանում է՝ մինչև 2020 թվականը յուրաքանչյուր ապրանքատեսակի մասով: Դժվար է պատասխանել՝ թանկացում սպասվում է, թե ոչ: Օրինակ՝ թռչնի մսի համար նախատեսված է, որ մաքսադրույքը 14 տոկոսից սահմանվելու է 18 տոկոս: Այսինքն՝ 4 տոկոսային կետով ավելացում է լինելու, բայց թե ինչպես դա կանդրադառնա գների վրա, պայմանավորված է մի շարք հանգամանքներով»,-նշել է նա:
Ըստ Միրումյանի՝ ԵԱՏՄ անդամ երկրներից ներմուծումները մաքսատուրքով չեն հարկվում, այսինքն՝ եթե Հայաստանը երրորդ երկրներից ներմուծումը փոխարինում է ԵԱՏՄ երկրներից կատարվող ներմուծումներով, նշանակում է, որ մաքսատուրքի թանկացումը չի ազդում այդ ապրանքի վրա:
Վախթանգ Միրումյանի խոսքով՝ թվարկված բոլոր բաղադրիչների հանրագումարը Հայաստանի կառավարությանը հիմք է տալիս ենթադրելու, որ 2018 թվականի հունվարից Հայաստանում էական թանկացումներ չպետք է սպասել:
Անդրադառնալով արդեն իսկ արձանագրված թանկացումներին՝ ՊԵԿ փոխնախագահն ասաց, որ դրանք մաքսատուրքերով պայմանավորված չեն: