Ռուսական Матч ТВ-ն ներկայացրել է Մխիթարյանի մասին վավերագրական ֆիլմի ամբողջական տարբերակը
СПОРТՌուսական Матч ТВ հեռուստաընկերությունը Չեմպիոնների լիգայի խմբային փուլի վերջին տուրի «Մանչեսթեր Յունայթեդ»-ԲԿՄԱ խաղին ընդառաջ վավերագրական ֆիլմ է ներկայացրել անգլիական ակումբի և Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի մասին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Մխիթարյանը պատմել է իր ընտանիքի, Մանչեսթերում իր կյանքի, «Մանչեսթեր Յունայթեդ»-ում իր խաղընկեր Զլատան Իբրահիմովիչի հետ ընթրիքի մասին:
Մխիթարյանն ասել է, որ իր համար շատ ցավալի է ու տխուր, որ հայրը իր կողքին չէ: «Նա ֆիզիկապես չի տեսնում, թե ինչի եմ ես հասել և ինչի կարող եմ հասնել: Ես կարծում եմ, որ ցանկացած ֆուտբոլիստ կցանկանա, որ իր հայրը իր կողքին լինի և ուրախանա որդու ձեռքբերումներով: Տանը երբեմն մտքեր են լինում, որ ամեն ինչ կարող էր բոլորովին այլ լիներ, եթե նա ողջ լիներ: Միգուցե, ես չհայտնվեի «Մանչեսթեր Յունայթեդ»-ում: Եթե չլիներ նրա հիվանդությունը, միգուցե, մենք ընդհանրապես Ֆրանսիայից Հայաստան չվերադառնայինք: Չեմ կարող կանխատեսել, թե ինչ կլիներ: Երբեմն պատկերացնում եմ, որ եթե նա ինձ հետ լիներ, տեսներ, թե որտեղ եմ ես հիմա, ես ուղղակի կխելագարվեի: Եթե իմ որդին հասներ նման հաջողությունների և խաղար «Մանչեսթեր Յունայթեդ»-ում»,- ասել է հայ կիսապաշտպանը:
Խոսելով Մանչեսթերում իր կյանքի մասին՝ ֆուտբոլիստն ընդգծել է, որ հաճախ է դուրս գալիս քաղաք ընթրելու: «Ինձ այնտեղ շատ է դուր գալիս, ձմռանը բացվում են սուրբծննդյան տոնավաճառներ: Այնտեղ այդ ժամանակահատվածում հրաշալի է: Հայկական ռեստորանն առաջիններից մեկն էր, որ ես այցելել եմ Մանչեսթերում: Ես ծանոթացա այդ ռեստորանի տիրոջ հետ, մենք հիմա ընկերներ ենք, և ես հույս ունեմ, որ այդ ընկերությունը կշարունակվի»,- պատմել է Մխիթարյանը:
Նա նշել է, որ վերջին ֆուտբոլիստը, ում ինքը հրավիրել է հայկական ռեստորան իր ակումբակից Զլատան Իբրահիմովիչն է: «Դա «Սենտ-Էտյեն»-ի դեմ խաղից առաջ էր, որում նա երեք գոլ հեղինակեց: Մենք լուսանկարվեցինք գլխավոր խոհարարի հետ, իսկ դրանից հետո նա երեք գոլի հեղինակ դարձավ: Շատ լավ հիշողություն է»,- ասել է Մխիթարյանը:
Նա ընդգծել է, որ Զլատանը շատ ծանր բնավորություն ունի, և շատերը նրան չեն հասկանում: «Մարդիկ չեն հասկանում նրա կատակները: Միգուցե, պարզապես չեն ցանկանում հասկանալ: Սակայն ես առաջին իսկ օրից լավ հարաբերություններ ունեմ նրա հետ: Մենք կապ էինք պահպանում նույնիսկ այն ժամանակ, երբ նա Մանչեսթերում չէր և վերականգնվում էր վնասվածքից: Բոլորը գիտեն, որ Իբրահիմովիչը իրեն աստված է համարում: Սակայն, երբ մենք ժամանեցինք Ռոստով, ես նրան ասացի. «Ահա տեսնում ե՞ս, թե ով է այստեղ աստված»: Կատակում եմ: Ուղղակի Ռոստովում շատ հայեր են ապրում, և բոլորը իմ անունն էին վանկարկում: Դրանից հետո նա հասկացավ, որ այնտեղ ևս մեկ աստված կար, դա ես էի»,- կատակել է Հենրիխ Մխիթարյանը:
Հայ կիսապաշտպանը նաև ընդգծել է, որ երբեք ուշադրություն չի դարձրել իրեն առաջարկված պայմանագրերի ֆինանսական պայմաններին: «Եթե մտածես այդ մասին, ֆուտբոլը երկրորդ պլան կմղվի: Ես միշտ մտածել եմ՝ եթե լավ խաղաս և հայտնվես թոփ ակումբում, փողը ինքն իրեն կնստի բանկային հաշիվներիդ: Ես նույնիսկ չգիտեմ, թե որքան աշխատավարձ եմ հիմա ստանում: Պայմանագրով նախատեսված գումարի չափը, իհարկե, գիտեմ, սակայն չգիտեմ, թե ամսական որքան եմ ստանում: Դա այնքան էլ կարևոր չէ: Ինձ համար կարևորը խաղալ ու դրանից հաճույք ստանալն է: Ես դեռ 28 տարեկան եմ: Ցանկանում եմ ևս երկու տարի խաղալ բարձր մակարդակով, այնուհետև մտածել փող աշխատելու մասին»,- ասել է նա: