«Նոյ» թաղամաս ստեղծելու ծրագիրը բիզնես է՝ առանց մշակութային հենքի
ЭКОНОМИКА«Փաստ» օրաթերթը գրում է
Կառավարությանն առընթեր Քաղաքաշինության պետական կոմիտեի միջազգային համագործակցության և կառուցապատման ներդրումային ծրագրերի վարչության կողմից մշակվել ու կառավարությանն է ներկայացվել «Նոյ» ազգագրական թաղամասի կառուցապատման ներդրումային ծրագիրը:
Ծրագրով նախատեսվում է «Դալմա Գարդեն Մոլ» առևտրի կենտրոնի հետևի` Դալմայի այգիներին հարող տարածքում, նոր էթնոթաղամաս կառուցել: Նախատեսված է մշակել փողոցների այնպիսի համակարգ, որը հնարավորություն կտա ներկայացնել, օրինակ, գորգագործություն, հին ձեռագրերի ցուցադրություն:
Թաղամասում կլինեն նաև թանգարաններ, հյուրանոցներ, բնակելի շենքեր: Վարչապետ Կարեն Կարապետյանը ևս անդրադարձել էր ծրագրին՝ նշելով, որ «Նոյ» ազգագրական թաղամասի ստեղծման ծրագիրն էապես նպաստելու է մեր քաղաքի ու երկրի զբոսաշրջային գրավչության բարձրացմանը։
Ծրագրի համար կծախսվի 150 մլն դոլար: Հասարակության դիրքորոշումն այս առումով տարատեսակ է: Դրական, բացասական կարծիքների կողքին նաև հարցադրումներ կան. օրինակ՝ Գյումրիի անօթևանների ֆոնին ի՞նչ «Նոյ» թաղամաս:
Այնուամենայնիվ, ճարտարապետ Սաշուր Քալաշյանի հետ զրույցում փորձեցինք հասկանալ՝ թաղամասը ճարտարապետական առումով գրավչություն կտա՞ քաղաքին:
«Ես այս ծրագիրը որպես մշակութային քայլ չեմ ընդունում: Այն բիզնես քայլ է, որը «Դալմա Գարդեն Մոլ»–ի համալիրն է լրացնում: Այդ ծրագրում ընդգրկված կառույցներին ավելի շուտ պետք է որպես ինչ–որ եկամտաբեր ծրագիր դիտարկել: Իսկ թանգարանների և մյուս դետալների առկայությունն ուղղակի արտաքին տեսքի և արտաքին դիզայնի համար է: Դրանք մշակութային խնդիր չեն լուծում»,– «Փաստ»–ի հետ զրույցում ասաց ճարտարապետը:
Ինչ վերաբերում է քաղաքին գրավչություն տալու հանգամանքին, Սաշուր Քալաշյանը նկատեց.
«Այն բոլոր շենքերը, որոնք գծվում են ու կառուցվում, ինչ–որ գրավչություն ստեղծելու նպատակ ունեն: Ստացվում է, թե ոչ, ուրիշ խնդիր է: Հիմա «Դալմա Գարդեն Մոլ»–ի շենքը գրավչություն ունի՞: Մեկը կասի ունի, մյուսը՝ ոչ: Մեկն էլ կասի հաջողված շենք է, մյուսն էլ՝ անհաջող է: Հիմա նույնն էլ այս դեպքում: Այն պարզապես «Դալմա Գարդեն Մոլ»–ի սեփականատիրոջ նախաձեռնությունն է, իր բիզնեսի շարունակությունը: Ես դրա մեջ ոչ լավ, ոչ էլ վատ բան եմ տեսնում: Շարքային մի քայլ է, որը կամ մարդկանց դուր կգա, կամ չի գա: Այն մշակութային հենք չունի՝ դեկորացիա է: Ընդամենը արտաքին դեկորատիվ բովանդակությունն է պատճառը, ըստ որի՝ «Նոյ» է կոչվելու:
Անդրադառնալով կառավարության դիրքորոշմանը, մեր զրուցակիցը նշեց, որ, բնական է՝ ցանկացած բիզնես քայլ պետք է խրախուսվի. «Գյումրիում էլ երկու փողոցի խնդիր բարձրացրին, հետո էլ աղմուկ բարձրացրին, ինչ–որ մի բան սարքեցին, բացում կատարեցին: Նույն բանն էլ այնտեղ կարվի՝ ուրիշ ոչինչ»:
Սաշուր Քալաշյանի խոսքով, ծրագիրը չի խթանի զբոսաշրջության զարգացմանը. «Մի առևտրի կետ կլինի, որտեղ տուրիստներն այսպես թե այնպես կգնան: Հյուրանոցային հատվածներն ինչ–որ հետաքրքրություն կներկայացնեն: Բայց հարց է, ո՞ր տուրիստի համար: Այն զբոսաշրջիկը, ով պատմական արժեք տեսնելու համար է գալիս Հայաստան, իր համար հետաքրքիր չի լինի»:
Ճարտարապետը բերեց Վրաստանի՝ զբոսաշրջության զարգացմանն ուղղված քաղաքականության օրինակը: Օրինակ՝ հայկական «Հավլաբար» թաղամաս այցելելը բազմաթիվ զբոսաշրջիկների համար պարտադիր պայման է:
«Ցավոք սրտի, մենք վրացի «չդարձանք»: Վրացին կարողանում է գտնել իր երկիրը ցուցադրելու ձևը: Մենք ընդամենը մեր ունեցածը ծաղրելու ձևն ենք գտնում»,–նկատեց Ս. Քալաշյանը:
Վերջինս ընդգծեց, որ ճարտարապետական գրավչության առումով Երևանն անընդհատ նահանջ է ապրում. «Ինչերից մենք հրապուրվում էինք և որոնք ներկայացուցչական բնույթ ունեին, այսօր չկան: Այսօր միջակությունն ուղղակի հաղթական քայլարշավ է կատարում ամբողջ քաղաքով մեկ»:
Աննա Բադալյան