Նոր հանքերևակում ազգային պարկի, արգելավայրի տարածքում և պատմամշակութային հուշարձանների հարևանությամբ
ЭКОНОМИКА«Փաստ» օրաթերթը գրում է
Մոտ տասն օր անց՝ դեկտեմբերի 15–ին, Գեղարքունիքի մարզի Շողակաթ համայնքի Ջիլ բնակավայրի ղեկավարի վարչական շենքում տեղի կունենան «Ակվեստ» ՍՊԸ–ի կողմից ներկայացված Ջիլի դոլոմիտային մարմարի երևակումում երկրաբանական ուսումնասիրության շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային երկրորդ քննարկումները:
Ջիլի դոլոմիտային (բրուսիտային) մարմարի երևակման տարածքում նախատեսվում է իրականացնել օգտակար հանածոյի երկրաբանական ուսումնասիրության աշխատանքներ: Երևակումը գտնվում է Ջիլ համայնքի տարածքում, Սևանա լճի հյուսիսարևեյան ափին՝ 2050–2200 մ բացարձակ բարձրությունների վրա:
«Ակվեստ» ՍՊԸ–ն Ջիլի դոլոմիտային մարմարների հետախուզումը կիրականացնի թվով 5 հորատանցքերով: Իսկ երևակումը կզբաղեցնի մոտ 9,7 հա մակերես: Մոտակա բնակավայրերն են Արտանիշ, Ծափաթաղ և Փամբակ գյուղերը, որոնք գտնվում են երևակման տարածքից համապատասխանաբար՝ մոտ 9,3 կմ հյուսիս–հյուսիս–արևմուտք, 4,2 կմ հարավ–հարավ–արևելք և 10կմ հարավ:
Լեռնագրական տեսակետից երևակման տարածքը գտնվում է Սևանա լճի հյուսիսարևմտյան մասում՝ ընդգրկելով Արեգունու և Սևանի լեռնաշղթաները: Բուն երևակման տարածքը հարում է Սևանի լեռնաշղթայի հարավարևելյան լանջերին: Ըստ նախագծի՝ Ջիլի մարմարի շրջանում է գտնվում «Սևան» ազգային պարկը: Համաձայն «Սևանա լճի մասին» ՀՀ օրենքի՝ Սևանա լճի ջրհավաք ավազանը՝ կենտրոնական և անմիջական ազդեցության գոտիների ներառմամբ, որպես մեկ ամբողջական համակարգ համարվում է քաղաքաշինական հատուկ կարգավորման օբյեկտ՝ հաշվի առնելով համակարգի բարձր արժեքավորությունը և լճի էկոլոգիական իրավիճակի բարելավման անհրաժեշտությունը։
Ըստ նախագծի՝ կենտրոնական գոտին «Սևան» ազգային պարկի տարածքն է, որի տարանջատման նպատակն է վերականգնել և պահպանել Սևանա լճի էկոհամակարգի բնական վիճակը` ջրի որակը, լճի և ափամերձ ցամաքային տարածքների բնական և արհետական լանդշաֆտները և կենաբազմազանությունըu: Ի դեպ, երևակման շրջանում է գտնվում նաև Գիհու նոսրանտառների արգելավայրը, որը կազմավորվել է 1958 թ.–ին 3310 հա տարածության վրա:
«Ջիլի դոլոմիտային մարմարի երևակումը գտնվում է «Սևան» ազգային պարկի սահմանից շուրջ 0,95 կմ հեռավորության վրա, իսկ Գիհու նոսրանտառների արգելավայրի տեղամասերից՝ 0,3–2,4 կմ հեռավորության վրա: Օգտակար հանածոյի երկրաբանական ուսումնասիրության աշխատանքների ընթացքում շահագործվելու են արդեն գոյություն ունեցող ենթակառուցվածքները, հետևաբար լրացուցիչ ազդեցությունը բնական լանդշաֆտների վրա կլինի նվազագույն: Ապագա բացահանքերի և նախատեսվող ենթակառուցվածքների տարածքում ՀՀ Կարմիր գրքերում գրանցված բուսական և կենդանական տեսակներ չեն արձանագրվել»,– ասված է նախագծում:
Բացի այդ նախագծի հեղինակները նշում են, որ Ջիլ համայնքի տարածքում գտնվում են Ք. ա. 1–ին հազ. 1–ին կեսի «ԴԱՇՏ–ԼԵՌ» ամրոցը (Արտանիշ–Ջիլ ճանապարհին, մայրուղուց 100–150 մ հյուսիս), 16–17–րդ դդ. եկեղեցի (գյուղի հյուսիս–արևելյան եզրին) և 15–18 դդ. գերեզմանոց (գյուղի հյուսիսային եզրին՝ բարձունքի վրա): Տվյալ հուշարձանները երկրաբանական ուսումնասիրության համար ընտրված տարածքից գտնվում են ավելի քան1,5 կմ հեռավորության վրա (իբր դա բավական հեռու է,– խմբ.) և ծրագրավորվող աշխատանքները չեն կարող բացասաբար անդրադառնալ պատմամշակութային հուշարձանների վիճակի վրա:
Բացի այդ, ընկերությունը որպես փոխհատուցում պատրաստվում է բնապահպանական միջոցառումների համար տրամադրել տարեկան 350 հազար դրամ:
Քրիստինա Տեր Մաթևոսյան