Հայաստանի օլիմպիական չեմպիոնները դատապարտում են դոպինգի օգտագործումը
СПОРТՀայաստանի օլիմպիական չեմպիոնները, մեդալակիրները, օլիմպիական խաղերի մասնակիցները, մարզիչները միանում են ՀԱՕԿ–ի ու Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության հայտարարությանը, որով դատապարտվում է դոպինգի ցանկացած տեսակի օգտագործումը:
Ըստ նրանց անարդարացի կլինի անբարեխիղճ մարզիկների պատճառով արգելված նյութեր չօգտագործած մարզիկներին պատժելը:
Օլիմպիական խաղերի չեմպիոն Իսրայել Միլիտոսյանը լավ է հասկանում մարզիկների զգացողությունները: 1992 թ. Բարսելոնայի օլիմպիական խաղերում նա իր ոսկին նվաճել էր ԱՊՀ դրոշի ներքո.
«ԽՍՀՄ փլուզումից հետո մենք Բարսելոնայում հանդես էինք գալիս ԱՊՀ դրոշի ներքո, սակայն իմ մարզաշապիկի վրա գրված էր «ARMENIA»: Ես դրանով հպարտանում էի: Կարծում եմ՝ արդարացի չէ, որ անմեղ մարզիկները Հարավային Կորեայում մասնակցեն օլիմպիական դրոշի ներքո»,– Իսրայել Միլիտոսյանի խոսքերը մեջբերում է ՀԱՕԿ–ի պաշտոնական կայքը:
Օլիմպիական խաղերի չեմպիոն, հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Լևոն Ջուլֆալակյանի կարծիքով ստեղծված իրավիճակի համար պետք է պատժվեն միայն մեղավորները:
«Ես գտնում եմ, որ մաքուր մարզիկներին պետք է աջակցեն բոլորը: Նույն իրավիճակում կարող է հայտնվել ցանկացած երկիր: Ի՞նչ է նշանակում՝ մաքուր մարզիկը չմասնակցի օլիմպիական խաղերին կամ հանդես գա չեզոք դրոշի ներքո: Ինչո՞ւ պետք է մեղավորների պատճառով տուժեն անմեղ մարզիկներ:
Սա շատ վիրավորական է: Բոլոր ազգային օլիմպիական կոմիտեները մերժում են արգելված նյութերի օգտագործումը, մարզիկներին բացատրում, որ դա անթույլատրելի է»,– ասաց Լևոն Ջուլֆալակյանը: