Հանձնարարվեց պարզեցնել հողերի նպատակային նշանակության փոփոխության գործընթացը
ЭКОНОМИКА«Փաստ» օրաթերթը գրում է
«Համայնքներում տնտեսական ակտիվության հետ զուգահեռ հաճախակի են դարձել գործարարների կողմից հողերի նպատակային նշանակության փոփոխության դիմումները։ Նշված դիմումների քննության ընթացքում տեղական ինքնակառավարման և տարածքային մարմիններին տրված են լայն հայեցողական լիազորություններ, համապատասխան դիմումների մերժման հիմքերը հստակ չեն, ինչպես նաև, չնայած գործող կարգով նախատեսված են վարչարարության կատարման հստակ ժամկետներ, գործնականում դրանք ոչ միշտ են պահպանվում»,– երեկ կառավարության նիստում ասել է Կարեն Կարապետյանը:
Այդ նպատակով վարչապետը հանձնարարել է տարածքային կառավարման և զարգացման նախարարին և քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահին 1–ամյսա ժամկետում համատեղ մշակել և կառավարության աշխատակազմ ներկայացնել համայնքներում հողերի նպատակային նշանակության փոփոխության գործընթացն առավել հստակեցնելու և վարչարարությունը պարզեցնելու վերաբերյալ առաջարկություններ՝ հատկապես անդրադառնալով համապատասխան գործընթացում մերժման հիմքերի հստակեցման և ձևական պահանջների բացառման հարցերին։ Ըստ անհրաժեշտության՝ հարցը կքննարկվի շահագրգիռ այլ մարմինների հետ։
Կառավարության աշխատակազմի ղեկավարին էլ հանձնարարվել է սահմանել հսկողություն՝ գերատեսչությունների կողմից հաստատված կարգով ժամկետների պահպանման վերաբերյալ։