Բուսաբուծության ցուցանիշները կգերազանցեն նախորդ տարվա արդյունքները
ЭКОНОМИКАԱրարատի մարզի Նշավան համայնքի բնակիչները բուսաբուծության ոլորտի ցուցանիշներից գոհ չեն: «Փաստ» օրաթերթի թղթակցի հետ զրույցում ասացին, որ եղանակային պայմանների պատճառով բարձր ցուցանիշ չեն ստացել:
«Շաբաթներ շարունակ տաք օրեր էին, ինչի հետևանքով բույսի աճը դադարեց: Պտուղն էլ բույսի վրա չորացավ: Շոգերի պատճառով 40–50%–ով բերքատվությունը նվազեց: Լոլիկի ցանքատարածությունից բերք համարյա չստացանք»,– ասաց ֆերմեր Վիկտոր Համբարձումյանը:
Վարունգ այս տարի քիչ են մշակել, գներն էլ բարձր է եղել:
«Դժվար է այդ բույսը մշակելը՝ քիմիական պայքար պետք է տանել վնասատուների դեմ, դա էլ ժամանակատար ու ծախսատար է: Ովքեր որ մշակել են, լավ բերք են ստացել: Լոլիկի հարցը ևս դժվար է: Ցեցի դեմ չեն կարողանում պայքարել ու հրաժարվում են այդ գործից: Շուկայում վաճառքի տանելու համար լավ ապրանք է պետք, դա էլ մեծ ջանքեր է պահանջում: Տեսնում են, որ դժվար է բանջարեղենով բարձր արդյունավետություն ստանալ, սկսել են ծաղիկ մշակել»,– փոխանցեց ֆերմերը:
Նրա խոսքով՝ գյուղմթերքի գները բարձր էին, սակայն գյուղացին տարվա վերջում կրկին դատարկաձեռն է մնացել:
«Բոլոր ապրանքների գները բարձր են: Ամեն ինչ հետ է գնում, դրա համար էլ փոփոխություն չենք զգում»,– նկատեց նա: Մարզում դեռ գյուղատնտեսության արդյունքները թվերով չեն ամփոփել: Գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Հայկազ Տերտերյանի բնորոշմամբ՝ նորմալ ցուցանիշներ ունեն:
«Բարձր ու ցածր ցուցանիշները հարաբերական են՝ կախված է տվյալ տարվանից, եղանակային պայմաններից: Այս տարվա համար նորմալ է »,– հայտնեց նա:
Բերքատվության ցուցանիշները բարձր են Արմավիրում: Գյուղատնտեսության վարչության պետ Արթուր Այվազյանի փոխանցմամբ՝ բուսաբուծության այս տարվա ցուցանիշները կգերազանցեն նախորդ տարվա արդյունքները: Միայն հացահատիկի բերքն այստեղ առատ չի եղել:
«Նվազումը պայմանավորված է ցանքատարածությունների կրճատմամբ: Մեր մարզում հացահատիկ մշակելը եկամտաբեր չէ: Կամաց–կամաց հացահատիկային մշակաբույսերի ցանքը կրճատվում է և տեղը զիջում ավելի եկամտաբեր կուլտուրաներին՝ բանջարեղենին, խաղողին, պտղին»,– ներկայացրեց մարզի գլխավոր գյուղատնտեսը:
Չնայած արձանագրված բարձր բերքատվությանը՝ հողագործները հակառակն են փաստում: Բերքի զգալի կորուստ են ունեցել թե՛ շոգ եղանակի, թե՛ ոռոգման ջրի պատճառով:
«Շաբաթներով Բաղրամյանի տարածաշրջանում ջուր չկար: Ամբողջ հողամասերը չորացան: Մտնում էիր հողամաս՝ լացդ գալիս էր, որ տեսնում էիր բույսը չորացել է: Մարդիկ դուրս եկան, բողոքի ցույց արեցին, որ մի կաթ ջուր տան: Սարսափելի վիճակ էր»,– ասաց Արմավիր համայնքի բնակիչը:
Ակնալիճ համայնքի հողագործներն ասացին, որ լոլիկի ցանքատարածություններ ըկտրուկ կրճատե լեն: Պատճառն իրացումն է:
«Գործարանները շատ էժան են մթերում՝ 30–40 դրամով: Մեզ եկամուտ չի մնում: Սա այն մշակաբույսն է, որի ինքնարժեքը բարձր է, գրեթե ինքնարժեքի գնով վաճառում ենք»,– դժգոհեցին նրանք:
Արթուր Այվազյանը չհերքեց, որ ջրամատակարարման հարցում խնդիրներ են առաջացել: Նրա պնդմամբ՝ այն մեծ վնաս չի հասցրել:
«Մեծ կորուստներ չենք ունեցել: Անցյալ տարվա ցուցանիշին այս տարվանը գերազանցել է»,– ասաց նա:
Արդյոք բարձր ցուցանիշները թվանկարչության արդյունք չե՞ն: Այվազյանը վստահեցրեց, որ նման բան չկա:
«Էտի առաջ էր, հիմա անցել է»,– եզրափակեց նա: