Հռիփսիմե Խուրշուդյան. «Վերադարձս մեծ սպորտ շատ սպասված է»
СПОРТՀռիփսիմե Խուրշուդյանը ՀԱՕԿ լրատվականի հետ զրուցել է հիասթափությունների, վերադարձի ու նոր նպատակների մասին. «Վերադարձս շատ սպասված է: Քնում և արթնանում էի լավ լուր լսելու հույսով: Երբ ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը զանգեց ու ասաց, որ կարող եմ նորից մրցումների մասնակցել, քիչ էր մնում ուշագնաց լինեի ուրախությունից: Չեմ պատկերացնում կյանքս առանց ծանրամարտի: 19 տարի ես այս մարզաձևով եմ ապրում: Սա փորձություն էր, որը պետք էր հաղթահարել: Ես մեծ կամքի ուժ ունեմ և նահանջող մարդկանցից չեմ: Հիասթափություններ ունեցել եմ, չեմ ցանկացել ոչ մեկի հետ խոսել, շփվել: Կարծես հիշողությունս կորցրած լինեի, ագրեսիվ էի բոլորի հանդեպ, նույնիսկ երեխայիս հետ չէի կարողանում հանգիստ շփվել:
Թշնամուս չէի ցանկանա այդ հիասթափությունը, հոգեկան ապրումները: Բայց իմ մեջ ուժ եմ գտել և հաղթահարել բոլոր դժվարությունները:
Այսօր ասում եմ՝ Հռիփսիմե Խուրշուդյանը վերադառնում է մեծ սպորտ: Ես շատ շնորհակալ եմ Գագիկ Ծառուկյանին: Եթե նա չլիներ, ես չէի վերադառնա: Նա է ինձ ոգևորել, ուժ տվել: Պարոն Ծառուկյանը միշտ ինձ հարցնում էր՝ արդյո՞ք մարզվում եմ: Նա ասում էր, որ ամեն ինչ կանի իմ վերադարձի համար: Ասաց և արեց:
«Ցավոք սրտի Եվրոպայի առաջնությունը բաց կթողնեմ, ժամկետների մեջ մեկ ամիս չեմ հասցնում: Այսուհետ հանդես կգամ նոր քաշային կարգում՝ 90 կգ: Այն կարծես ինձ համար լինի: Վերջապես նոր քաշում կմրցեմ ինձ հավասարների, ոչ թե ինձնից 30 կգ ծանր մարզիկների հետ: Սակայն, եթե 90 կգ քաշային կարգն օլիմպիական չհամարվի, ես անպայման կփոխեմ քաշս»,– ՀԱՕԿ–ի հետ զրույցում ասել է Հռիփսիմե Խուրշուդյանը: