Ինչպես ես, այնպես էլ ամբողջ մարզաշխարհը իհարկե նմանատիպ հիվանդագին հրապարակումներին լուրջ չենք վերաբերվում. Պարզաբանում է Վաղինակ Գալուստյանը
СПОРТԱյսօր armtimes.com կայքում հրապարակում էր եղել այն մասին, որ իբր Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան ֆինանսական խնդիրներ ունի և որ Գագիկ Ծառուկյանը չի կատարում իր խոստումները. թե հիշյալ տեղեկատվությունը որքանով է համապատասխանում իրականությանը Slaq.am-ը զրուցել է Ըմբշամարտի ֆեդերացիայի նորանշանակ գլխավոր քարտուղար Վաղինակ Գալուստյանի հետ: «Ես չեմ դադարում զարմանալ որոշ լրատվամիջոցների և լրագրողների անառողջ երևակայության ու շարունակաբար ինչ-ինչ հերյուրանքներ տպագրելու մոլուցքի վրա: Ինչպես ես, այնպես էլ ամբողջ մարզաշխարհը իհարկե նմանատիպ հիվանդագին հրապարակումներին լուրջ չենք վերաբերվում, սակայն ձեր տեղեկատվության համար նշեմ, որ այն պահից սկսած, ինչ Գագիկ Ծառուկյանը ստանձնել է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի կառավարումը` չի եղել գեթ մեկ ակնթարթ, որ մենք ունենանք ֆինանսական որևէ խնդիր: Սահմանված բոլոր ուսումնամարզական հավաքներն անց են կացվել օրակարգային պլանի համաձայն: Իսկ ինչ վերաբերվում է մարզիկների աշխատավարձերին` կարծում եմ, սա ուղղակի ցնդաբանություն է: Այս մասին ցանկության դեպքում ինքներդ կարող եք խոսել մեր մարզիկների հետ, որոնք այսօր էլ մարզվում են և պատրաստվում Հայաստանի առաջնությանը: Այսօր մենք ունենք միայն մեկ խնդիր` առավելագույնս լավ նախապատրաստվել առաջիկա մարզական ստուգատեսներին և լավագույնս ներկայացնել մեր երկիրը տարբեր միջազգային մրցահարթակներում: Իսկ Գագիկ Ծառուկյանն այս գործընթացում ամենօրյա ռեժիմով մեր կողքին է և հոգացել է այն մասին, որ որևէ մեկը որևէ խնդիր չունենա: Ինչ վերաբերում է Գյումրիում օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանի անվան նոր մարզադպրոց կառուցելու խոստումների մասին խոսակցություններին` Ֆեդերացիայի նորանշանակ գլխավոր քարտուղարը նշեց, որ ոլորտի պատասխանատուներն արդեն իսկ հայտարարել են, որ առաջիկայում կառուցվելու է ժամանակակից բոլոր պայմաններին համապատասխանող մարզադպրոց: «Մոտ ժամանակներս պարոն Ծառուկյանի հովանավորության ներքո կսկսեն շինարարական աշխատանքները, իսկ դրանց զուգահեռ արդեն իսկ ավարտին են մոտենում Գյումրու օլիմպիական հերթափոխի քոլեջի շինարարական աշխատանքները և հուսով եմ, որ մինչև տարեվերջ կունենանք ևս մեկ մարզական մեծ կրթօջախ և դարբնոց:
Դիտարկմանը, թե արդյո՞ք ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Մկրտչյանի՝ Հայաստանից հեռանալու պատճառը ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի կողմից խոստացված նյութական միջոցները չստանալն էր, Վաղինակ Գալուստյանն արձագանքեց. «Գիտեք այս ասեկոսեներին վաղուց արդեն Արմեն Մկրտչյանն անձամբ պատասխանել է, դրանք որակելով ուղղակի ծիծաղելի: Նա ժամանակավոր է հեռացել՝ ընտանեկան խնդիրները լուծելու նպատակով գտնվում է արտերկրում: Բոլոր մարդկանց փորձերը ինչ որ խժդժություններ հրահրել սպորտի ոլորտում դատապարտված են անհաջողության, քանի որ մենք մեկ միասնական ու համերաշխ ընտանիք ենք: Սա թող բոլորը օղ անեն իրենց ականջին»:
Նյութը պատրաստեց Արմենուհի Ղազարյանը