Հրաչ Բերբերյան. «Դիզվառելիքի թանկացումը գյուղմթերքի ինքնարժեքն է ավելացնելու»
ЭКОНОМИКА«Փաստ» օրաթերթը գրում է
Եթե տեղական շուկայում ՌԴ Կրասնոդարի շրջանի կաղամբը, լոլիկը, ձմերուկն ու այլ գյուղմթերք հայտնվի, չզարմանաք: «Փաստ»–ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց Ագրարագյուղացիական միավորում ՀԿ նախագահ Հրաչ Բերբերյանը: Վերջինիս խոսքով՝ պատճառը հեղուկ վառելիքի շուկայում գրանցված թանկացումներն են: Հունվարի 1–ից 1 լիտր դիզվառելիքի գինը բարձրացել է մոտ 60 դրամով: Դիզվառելիքի թանկացումը գյուղմթերքի ինքնարժեքն է ավելացնելու:
«Հետաքրքիրը նաև այն է, որ բենզինը 30 դրամով է թանկացել, իսկ դիզվառելիքը՝ 60–ով: Հարց է, թե ինչու դիզվառելիքն այդքան պետք է թանկանար: Մարդիկ կան, որ մտածված Հայաստանի գյուղատնտեսությունը փորձում են ավերակների վերածել»,– ասաց նա:
Հրաչ Բերբերյանն այստեղ դիտավորություն է տեսնում: Թանկացումների պատճառով հողագործը կդադարի հող մշակել, տեղական արտադրության բացն էլ ներմուծածով կլրացնեն:
«Ռուսաստանի այսօրվա վիճակից ելնելով՝ Հայաստանի 2 միլիոնանոց շուկան նրա համար էլի նշանակություն ունի: Այնպես են անում, որ հայ ֆերմերը գնա և իրենց հողերը մշակի: 10000 դրամով ամեն ինչ անում են, որ հայ գյուղացուն երկրից հանեն: Կառավարությունը շատ լավ նվեր է պատրաստել գյուղացու համար: Ասում է՝ սուբսիդավորում ենք կատարում գյուղացու համար, նրա կողքին ենք, բայց իրականում ոչինչ էլ չեն կատարում: Մի քանի գյուղացի օգտվում է սուբսիդավորված վարկերից: Մի քանի գործարաններ ևս օգտվում են ցածր տոկոսներով վարկերից: Այդ սուբսիդավորված վարկերը գնում են բանկերին, նրանք արտոնյալ վիճակում են գտնվում և հարկատուների գումարներով բանկերը փող են աշխատում»,– նկատեց նա:
Հրաչ Բերբերյանի կարծիքով՝ այս տարի գյուղատնտեսությանն ավելի շատ կվնասի արդեն թանկացած դիզվառելիքը: Գյուղատնտեսի կանխատեսմամբ՝ կբարձրանա ցորենի, խաղողի և մյուս պտուղ– բանջարեղենի ինքնարժեքը:
«Մեր գյուղնախարարությունն ինչո՞վ է զբաղված, որ գյուղացու շահերը չի պաշտպանում: Մենք այսօր դիմում ենք կառավարությանը, որ սուբսիդավորի գյուղատնտեսությունը, բայց նա հակառակ որոշում է ընդունում՝ դիզվառելիքն է թանկացնում: Հաշվեք՝ դիզվառելիքով աշխատող տրակտորով քանի՞ վար ու ցանք է անում գյուղացին: Եթե անցյալ տարի գյուղացին 20000 դրամով էր կարողանում 1 հեկտար հողը վարել, գարնանը կկատարի՝ 35000–ով: Սա անընդունելի է, դրել հայ գյուղացուն թալանում են, որն առնվազն անբարոյականություն է»,– վրդովվեց նա:
Իսկ Կառավարությունը հաջորդ տարի չի իրականացնի գյուղացիներին մատչելի գնով դիզվառելիքի սուբսիդավորման ծրագիրը:
Արմավիրի մարզի Ջրաշեն համայնքի բնակիչ Հակոբ Գինոսյանը դեռ պարտք է տրակտորիստին: Աշնանացանն ավարտելու համար տեխնիկա է վարձակալել, բայց գումարը չի վճարել: Հողագործի խոսքով՝ դիզվառելիքի գնի բարձրացումն ու սուբսիդավորման դադարեցումը հարվածելու է գյուղացիների գրպանին:
«Հեկտարը 40000 դրամով են վարում, իսկ եթե սոլյարկան դու ես տալիս՝ 20000–ով: Գինը տեղական շուկայում բարձր է»,– նշեց հողի մշակը:
Սուբսիդավորման խնայողություններն, ըստ նրա, իրենց հետևանքները կունենան: Գյուղացու կարծիքով՝ դիզվառելիքի թանկացման պատճառով շատերը հողերն անմշակ կթողնեն:
«Փող ունեցողի աչքը լույս: Գնում են, ֆուռերով բերում են, թափում են մի փակ տեղ, հետո սկսում են 1000–ի վրա 1000 էլ ավելացնել ու ծախել գյուղացիների վրա: Ո՞վ է կարում առնի՝ ում տանը մի թոշակառու կա, թոշակ է ստանում, մի քանի կոպեկ կարող է վճարել պարարտանյութի ու դիզվառելիքի համար»,– ասաց Հակոբ Գինոսյանը:
Հրաչ Բերբերյանն իր հերթին նաև հավելեց, որ դիզվառելիքի սուբսիդավորման հետ կապված գյուղացին փաստի առաջ կկանգնի:
«Այս տարվա համար ոչինչ չի արվել, կոնկրետ ծրագրեր պետք է մշակվեն ոլորտի զարգացումը ապահովելու համար։ Պետք է նախապես պատրաստ լինեինք հաջորդ տարվան, բայց այս պահին ո՛չ պարարտանյութի խնդիրն է լուծվել, ո՛չ էլ դիզվառելիքի»,– ընդգծեց նա։
Մանյա Պողոսյան