Ջրամբարների լցվածությունը նախորդ տարվա համեմատ մոտ 74 միլիոն խմ–ով պակաս է
ЭКОНОМИКА«Փաստ» օրաթերթը գրում է
Հունվարի 29–ի դրությամբ հանրապետության ջրամբարների լցվածությունը կազմում է 206,18 մլն խմ ջուր: Այս մասին «Փաստ»–ին հայտնեց Ջրային տնտեսության պետական կոմիտեի մամուլի քարտուղար Սոնա Մարտիրոսյանը:
Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ կուտակված ջուրը պակաս է մոտ 74 միլիոն խմ–ով: Այս պահին ջրամբարների թերլցման ռիսկեր կան:
Այսօրվա արձանագրված թվերն արդեն իսկ մտահոգիչ են, սակայն, ջրային տնտեսությունում հույս ունեն, որ առաջիկա ամիսներին տեղումներ կլինեն և ջրամբարների լցվածությունը կբարձրանա:
«Ակնկալում ենք, որ գոնե առաջիկայում անձրևներ կլինեն, և ջրի պակասը կլրացվի: Ջրամբարների լցվածությունը տեղի է ունենում նաև անձրևների միջոցով»,– ասաց նա:
Ոռոգման սեզոնին խնդրի առաջ չկանգնելու նպատակով ջրային տնտեսությունում արդեն քայլեր են մշակվում: Այլընտրանքային ճանապարհով ջրի պակասը կլրացնեն:
«Գործի կդրվեն խորքային հորեր և պոմպակայաններ: Նախորդ տարիներին ավելացրել ենք ինքնահոս ոռոգման ջրի օգտագործումը, այսինքն՝ հնարավորինս փորձում էինք խուսափել էլեկտրաէներգիայի օգտագործումից՝ պոմպերի գործածումից: Եթե եղանակային պայմաններն այսպես շարունակվեն, ստիպված ենք լինելու պոմպերն աշխատեցնել և կունենանք էլեկտրաէներգիայի մեծ ծախս: Որպես կանոն, այդ ծախսը սուբսիդավորվում է պետության կողմից»,– փոխանցեց գերատեսչության ներկայացուցիչը:
Արմավիրի մարզում ոռոգման համակարգի հնարավոր ռիսկերի վերացման ուղղությամբ խորհրդակցություն է տեղի ունեցել:
Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արսեն Հարությունյանի խոսքով` միայն Արմավիրի մարզում նախատեսվում է 50 նոր խորքային հորի հորատում, 30–ի վերականգնում և գոյություն ունեցող 158–ի շահագործման արդյունավետության բարձրացում:
Ձեռք են բերվելու նաև շարժական պոմպակայաններ` անհրաժեշտության դեպքում գետերի հունից պոմպի միջոցով ջուրը մոտակա համայնքներ հասցնելու նպատակով: Համակարգի արդիականացման ծրագրով այս տարի նախատեսված է 50 միլիոն դոլարի ներդրում, որից 39–ը` Արմավիրի մարզում:
Տեղեկացնենք նաև, որ ըստ Հայպետհիդրոմետ ծառայության, Ախուրյանի ջրամբարի ջրի ծավալը 139 մլն խմ է կազմում, Ապարանինը՝ 15,5, Ազատինը՝ 22,2, Արփի լճինը՝ 13,3, Մարմարիկի ջրամբարինը՝ 2,87, իսկ Կեչուտի լցվածությունը՝ 23,5:
Մանյա Պողոսյան