Վազգեն Սաֆարյան. «Արդեն այդ «դասարանն ավարտել ենք», այլևս նման օղակ պետք չէ»
ЭКОНОМИКА«Փաստ» օրաթերթը գրում է
Կառավարության որոշմամբ Պետական եկամուտների կոմիտեի աշխատակազմի նախաբացթողումային հսկողության վարչությունը կլուծարվի: Վարչության գործառույթները կամրացվեն կոմիտեի աշխատակազմում գործող համապատասխան մաքսատուն–վարչություններին:
Ըստ ՊԵԿ նախագահի տեղակալ Վախթանգ Միրումյանի՝ նախաբացթողումային հսկողության վարչությունը լուծարելով՝ ՊԵԿ–ը ձերբազատվում է ապրանքների, դրանց ուղեկցող փաստաթղթերի կրկնակի զննության հնարավորությունից:
«Հայրենական ապրանք արտադրողների միության» նախագահ Վազգեն Սաֆարյանի կարծիքով դա խոսում է այն մասին, որ ՊԵԿ–ն այն աստիճան վստահություն ունի արտահանողների և ներմուծողների շրջանում, որ այսուհետև կարող է իր գործառույթներն առանց այդ վարչության իրականացնել:
«Բացի ժամանակ խնայելուց, ներկրողներն ու արտահանողները կխնայեն իրենց գումարներն ու նյարդերը: Սա անշուշտ հեշտացնելու է մեր բիզնեսի կողմից արտահանման և ներմուծման ժամանակ իրականացվող գործընթացների իրականացման ընթացքը: Եվ հարկավոր է այս քայլը դրական գնահատել և հուսալ, որ այն կնպաստի բիզնեսի արդյունավետ զարգացմանը»,– ասաց Վ. Սաֆարյանը:
Նրա կարծիքով ամենայն հավանականությամբ ժամանակին այդ օղակի անհրաժեշտությունը եղել է, սակայն երբ հիմա արդեն այդ «դասարանն ավարտել ենք», այլևս նման օղակ պետք չէ ո՛չ ՊԵԿ–ին, ո՛չ էլ բիզնեսին:
«Այն զգուշավորությունը, որը ցուցաբերվում էր նախկինում, հիմա փաստորեն այլևս պետք չէ, քանի որ ներկրվող և արտահանվող ապրանքների չափը լրացուցիչ ֆիքսելու կարիք այլևս չկա, դա կարելի է նաև ինքնավստահ գործունեության արդյունք համարել: Սա նաև կարող է ևս մեկ կոռուպցիոն շղթայի չեզոքացում նշանակել:
Ի դեպ, բիզնես–իշխանություններ երկխոսությունը ստացվում է միայն մի դեպքում, երբ մեկը մյուսին վստահում է: Նման քայլերով պետք է այնպես անել, որ այդ մթնոլորտը դառնա առաջնային և գերակա: Հակառակ դեպքում բիզնես–ՊԵԿ լարվածությունը շարունակվելու է և երբեք չի չեզոքանալու: Իմ կարծիքով սա նաև փոխվստահության մթնոլորտը մեծացնելու քայլ է:
Օրինակ՝ ԱԱՀ–ի ետ վերադարձի հարցն այսօր կարելի է լուծված համարել, ինչը տարիներ առաջ բազմաթիվ քաշքշուկների, լրացուցիչ զանգերի, միջնորդությունների միջոցով էր հնարավոր լինում մի կերպ իրականացնել: Եվ այս ու նմանատիպ այլ քայլեր հանգեցրել են նրան, որ մեր կազմակերպությունն այլևս նման ահազանգեր չի ստանում: Ընթացակարգերի պարզեցումը պետք է շարունակել բիզնեսի համար էլ ավելի նպաստավոր պայմաններ ստեղծելու համար»,– ասաց Վ. Սաֆարյանը:
Արմինե Գրիգորյան