«Գազպրոմ Արմենիա» ընկերության վճարած հարկերը նվազել են. «Ժողովուրդ»
ЭКОНОМИКА«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
«Վերջին երեք տարիներին հետևողականորեն նվազել են «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի՝ ՀՀ պետական բյուջե վճարած հարկերը, թեև այս կազմակերպությունը շարունակում է գլխավորել հազար խոշոր հարկատուների ցանկը:
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն իր հարկերը նվազեցրել է այն դեպքում, երբ ՀՀ-ում գազմատակարարման ոլորտում մենաշնորհային դիրք ունի: «Ժողովուրդ» օրաթերթը պաշտոնական փաստաթղթերից պարզեց, որ 2015թ. ընթացքում «Գազպրոմ Արմենիա» ընկերության վճարած հարկերը կազմել են 42 մլրդ 649.9 մլն դրամ, 2016թ.՝ 42 մլրդ 381.1 մլն դրամ, իսկ արդեն 2017թ. ռուսական ընկերության վճարած հարկերը կազմել են 39 մլրդ 717.6 մլն դրամ:
Ինչով է պայմանավորված այս հանգամանքը, պարզ չէ. 2016թ., նախորդ տարվա համեմատ, գազի սպառման ծավալներն ավելացել էին, առայժմ հրապարակված է 2017թ. հունվար-սեպտեմբեր ամիսների տվյալները, և կրկին սպառման ծավալների աճ կա: «Ժողովուրդ» օրաթերթը մեկնաբանությունների համար դիմեց «Գազպրոմ Արմենիա», որտեղից խոստացան մեր հարցմանը պատասխանել առաջիկայում»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում: