Ատոմակայանի փակման հարցն օրակարգային է, ԵՄ պահանջը՝ հիմնավորված
ЭКОНОМИКА«Փաստ» օրաթերթը գրում է
Երևանում մեկնարկած էներգետիկայի, տրանսպորտի, շրջակա միջավայրի, կլիմայի գործողության և քաղաքացիական պաշտպանության հարցերով ՀՀ–ԵՄ ենթակոմիտեի 5–րդ նիստի ընթացքում Արևելյան գործընկերության երկկողմ հարաբերությունների ստորաբաժանման ղեկավարի տեղակալ Դիրկ Լորենցը հայտարարեց, որ հայկական ատոմակայանը պետք է հնարավորինս շուտ փակվի, քանի որ հնարավոր չէ այն բարելավել այնպես, որպեսզի ամբողջովին համապատասխանի անվտանգության միջազգային պահանջներին:
Նշենք, որ ատոմակայանի փակման վերաբերյալ դրույթը ներառված է նաև նախորդ տարի Հայաստան–ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրում:
Էներգետիկ–փորձագետ Էմիլ Սահակյանի խոսքով՝ Եվրամիության ներկայացուցիչների կողմից ատոմակայանի փակման վերաբերյալ պահանջն արդեն մոտ 10 տարի է, ինչ գոյություն ունի:
«Իրենք դիտարկել են դրությունը և ատոմակայանի ընդհանուր տեխնիկական վիճակը: Դիտարկման արդյունքում եկել են այն եզրահանգման, որ այս պայմաններում ատոմակայանի անվտանգությունը չի կարող ապահովված լինել և համապատասխանել այսօրվա պահանջներին, ինչն ակնառու է:
Այս պահանջը կա, եղել է ու կլինի, և այն հիմնավորված է: Հիմնավորման նախապայմանները կարելի է ժամերով թվարկել, բայց հարցն այն է, որ մերոնք շահարկում են մեր աշխարհագրական դրությունը և հարևան պետությունների հետ ունեցած փոխհարաբերությունները:
Այս համատեքստում իրենք փորձում են ներկայացնել, որ առանց ատոմակայանի մենք կյանք չունենք: Ճիշտն ասած՝ էներգահամակարգում այնպիսի իրավիճակ է ստեղծվել, որ իրոք, առաջին հայացքից նայում ու տեսնում ես, որ այլ ելք չկա: Մեր էլեկտրաէներգիայի 30%–ն արտադրում է ատոմակայանը, և եթե ատոմակայանը փակվեց, կորած ենք: Բայց արդեն մոտ մեկ տարի է՝ վերջապես խոսվում է այն մասին, որ Հայաստանում նախապատրաստվում է երկրորդ գազատուրբինային կայան կառուցել: Այդ կառույցը մեզ համար փրկօղակ կդառնա և գաղափարն ամբողջովին կփոխվի: Իսկ ատոմակայանի փակումն օրակարգային հարց է»,– «Փաստ»–ի հետ զրույցում ասաց Էմիլ Սահակյանը:
Նշենք, որ Հայաստանի ատոմային էլեկտրակայանի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետը լրացավ 2016–ին: Սակայն ՀՀ–ն 10 տարով երկարաձգեց ատոմային երկրորդ էներգաբլոկի շահագործումը` հաշվի առնելով ատոմակայանի փակվելու հետևանքով բազիսային հզորությունների լուրջ պակասի առաջ կանգնելու ռիսկը: Այդ նպատակի համար ՀՀ–ն Ռուսաստանից ստացավ 270 միլիոն ԱՄՆ դոլարի վարկ և 30 միլիոն ԱՄՆ դոլարի դրամաշնորհ:
Էմիլ Սահակյանը նկատեց՝ տասը տարին մի քիչ փորձությունների տարի կարող է դառնալ:
«Ես կառույցների մասին մի փոքր գաղափար ունեմ, իհարկե, աշխատում են, իրենք կգործեն: Բայց բոլոր դեպքերում՝ նոր սարք օգտագործելը մի բան է, մեկ այլ բան է կապիտալ վերանորոգված սարք օգտագործելը: Աստված տա, որ այս տասը տարի երկարացման ընթացքը մենք առանց որևէ վթարի ավարտենք: Ես համոզված եմ, որ 10 տարուց հետո ատոմակայանը կփակվի»,–հավելեց մեր զրուցակիցը:
Հիշեցնենք, որ ՀԱԷԿ–ի 2–րդ էներգաբլոկի ժամկետի երկարացման ծրագրի շրջանակներում 2017 թ. նոյեմբերին «Սիլովիյե մաշինի» ընկերությունը Հայաստան ուղարկեց 236 մՎտ հզորությամբ 2 տուրբոգեներատորներից առաջինը: Իսկ 2017 թ. դեկտեմբերին «Ռուսատոմ սերվիս» ընկերությունը տեղ հասցրեց ՀԱԷԿ–ի 2–րդ էներգաբլոկի համար նախատեսված երկրորդ բլոկային տրանսֆորմատորը: