Մարիամ Մկրտչյանը հաջող է հանդես եկել «Օրշա-2018» շախմատի մրցաշարում
СПОРТԲելառուսում ավարտվեց «Օրշա-2018» շախմատի միջազգային մրցաշարը, որին մասնակցում էին 8 երկրից 78 շախմատիստ, այդ թվում՝ 9 գրոսմայստեր և 4 միջազգային վարպետ:
Մրցաշարի հաղթող է դարձել գրոսմայստեր Վլադիսլավ Կովալյովը, ով 9 հնարավորից վաստակել է 7,5 միավոր, նույնքան միավորով 2-րդ հորիզոնականը զբաղեցրել է Ալեքսեյ Ալեքսանդրովը, իսկ Սերգեյ Ժիգալկոն 6.5 միավորով եզրափակել է լավագույն եռյակը:
Մրցաշարում սահմանված են եղել մրցանակներ նաև լավագույն արդյունք ցույց տված կին մասնակիցների համար: Կանանց պայքարում հաղթել է Օլգա Բադելկան, Ռաիսա Էյդելսոնը դարձավ երկրորդը, իսկ Հայաստանը ներկայացնող պատանի շախմատիստուհի Մարիամ Մկրտչյանը եզրափակել է լավագույն եռյակը:
Մկրտչյանը շուրջ 100 կետով բարելավել է իր անհատական վարկանիշը: Մրցաշարում լավ ելույթներ են ունեցել նաև պատանի շախմատիստներ Արման Ղևոնդյանը, Սամվել Անտոնյանը և Արգիշտի Պետրոսյանցը, ովքեր իրենց վարկանիշները բարելավել են համապատասխանաբար 150, 130 և 113 կետով:
Մկրտչյանը հաջող ելույթ է ունեցել նաև մրցաշարի շրջանակում անցկացված մինչև 14 տարեկանների կայծակնային մրցաշարում: Մեր շախմատիստուհին 6 միավորով լավագույնն է ճանաչվել աղջիկների հաշվարկում: