Հողագործներին ոռոգման ջրի սակավությունն է մտահոգում
ЭКОНОМИКА«Փաստ» օրաթերթը գրում է
Արմավիրի մարզի Մյասնիկյան համայնքի բնակիչների մտահոգությունն այն է, որ գյուղատնտեսական սեզոնի ընթացքում ոռոգման ջրի պակաս չզգան: Հողագործությամբ զբաղվող այս համայնքում սեզոնի համար ամենաարդիական թեման սկսվում և ավարտվում է ոռոգման ջրով:
Նրանց չի հետաքրքրում գյուղի հանգստյան այգին կվերանորոգվի՞, թե` ոչ, կենտրոնական փողոցը կլուսավորվի՞, թե` ոչ. ամենակարևորը գյուղատնտեսական տարվա արդյունավետ մեկնարկն ու առանց խոչընդոտների աշխատանքների ընթացքը վարելն է:
Հողագործները «Փաստ»–ի հետ զրույցում պատմեցին, որ 2015–2016 թվականներին Մյասնիկյանում ոռոգման սեզոնն ուշացումով է սկսվել, իսկ նախորդ տարվա ամռանը շաբաթներով հողը չեն ջրել:
Մյասնիկյանի գյուղացիական տնտեսությունները տարիներ շարունակ ոռոգման ջրի հետ կապված խնդիրներ են ունեցել:
«Ամենավերջին համայնքն է, որտեղ ոռոգման ջուր է հասնում, հետևաբար ջրի սակավության հետ կապված խնդիրներ հաճախ են առաջանում»,– նշեցին նրանք:
Մյասնիկյանը 3100 հեկտար մշակելի հողատարածք ունի:
Մարզի մեկ այլ` Փշատավան գյուղում էլ ոռոգման շրջանում մշտապես բողոքներ են լինում: Այն հայ–թուրքական պետական սահմանի մոտ է, այսինքն՝ Արաքս գետի հովտում, սակայն մշտապես ոռոգման ջրի խնդիր է առաջանում: Գյուղացիների խոսքով` համակարգի քայքայվածության պատճառով ջուրը տեղ չի հասնում:
Գյուղացիների մեծ մասը տնամերձ հողամասը ջրում է սեփական ջրհորներից՝ պոմպերի միջոցով, որը կրկնակի ծախս է պահանջում:
«Գյուղում ամենակարևոր հարցը ոռոգման ջրի հարցն է, ոռոգման համակարգերը քայքայված են»,– ասացին գյուղացիները:
Ոռոգման համակարգի անմխիթար վիճակը հանգեցնում է ջրի մեծ կորստի: Կիսախողովակները կոտրված են, ինչի հետևանքով սեզոնին ոռոգման ջուրը տեղ չի հասնում:
Ջրային տնտեսության պետական կոմիտեի տվյալներով՝ ներկայում ջրամբարների մոտ 25%–ն է լցված: Այս տարի ջրամբարներում հավաքված ջուրը 75 միլիոն խորանարդ մետրով պակաս է նախորդ տարվա համեմատ:
2018–ին կմեկնարկի ոռոգման համակարգերի արդիականացման ծրագիրը, որի ընդհանուր ֆինանսավորումը 50 միլիոն դոլար է: Դրա արդյունքում ակնկալվում է ընդլայնել ոռոգելի տարածքները, վերականգնել 63 կմ մայր և երկրորդ կարգի ջրանցքները, ինչպես նաև 277,4 կմ ներտնտեսային ցանց:
Սևանից լրացուցիչ ջուր բաց կթողնեն՝ հաշվի առնելով այն, որ տարին ջրային պաշարների կուտակման առումով բարենպաստ չէ:
Հայաստանում ներկա պահին կա 26100 հա ոռոգվող և 24000 հա չոռոգվող հողատարածություն։ Եվս 10000 հա–ով նախատեսվում է ավելացնել ոռոգվող տարածքները` ոռոգման ցանցի արդիականացման և 4000 հա–ով` Վեդու ջրամբարի շինարարության ծրագրերով։
Առաջինի ավարտը նախատեսվում է 2019–ին, երկրորդինը` 2020–ին։
Մանյա Պողոսյան