Սա էլ հո «Օդից փող» հաղորդաշարը չէ՞
ОБЩЕСТВО
Այն, որ տոնավաճառներում կարելի է ինչ ասես գնել, բոլորը գիտեն: Բայց դժվար է պատկերացնել, որ քաղաքի կենտրոնում գործող «Սուրմալու» տոնավաճառում կարող է կեղծված լվացքի փոշի վաճառվել:
Տարիներ առաջ կրկին պարզվել էր, որ լվացքի փոշու փոխարեն ինչ-որ անհայտ ծագման նյութեր են իրար խառնել ու բավականին բարեհաջող իրացրել: Այսինքն, նույնիսկ լվացքի փոշին է կեղծելու ենթակա, բայց հարց է ծագում, թե ընդհանրապես այն ինչ նյութեր է պարունմակել: Եվ արդյոք դրանք վտանգավոր չե՞ն եղել առողջության համար:
ՊԵԿ-ի այս բացահայտմանն ամենայն հավանականությամբ, պետք է հաջորդեն պատկան մյուս կառույցների բացատրությունները, թե լվացքի փոշու անվան տակ իրականում ինչ է առաջարկվել մեր սպառողներին:
Ի դեպ, դժվար է ասել, զուգադիպությո՞ւն է, թե՝ ճակատագրի հեգնանք, բայց որպես կանոն կեղծվող ապրանքները ճանաչված ապրանքանիշեր են լինում: Եվ հիմնականում կեղծվում են միջին թանկության և հեռուստացույցով գովազդվող ապրանքները:
Ենթարդելի է, որ հենց դրանք են կեղծվում, քանի որ դրանց սպառումն ավելի շատ է, բայց հասկանալի չէ, թե կեղծարարներին ինչպես է հաջողվել տուփերի վրա նույն ապրանքանիշի ներկրմամբ զբաղվող ՍՊԸ-ի անունով հայաֆիկացման պիտակներ և տարբեր ընկերություններին պատկանող դրոշմապիտակներ փակցնել:
Չար լեզուներն ասում են, որ իրականում հնարավոր չէ պաշտոնական ներկրող հանդիսացող ընկերության պիտակներով կեղծված ապրանք վաճառել, քանի որ ներկրողներն իրենք շատ լավ գիտեն, թե ինչից ինչքան են ներկրում: Մնում է հասկանալ, թե այս խճճված պատմության մեջ ում «պոչն» ում տակն է, բայց մտածել, որ ինչ-որ մեկը հանկարծ քնել-արթնացել է ու որոշել բավականին հայտնի բրենդային ապրանքանիշի լվացքի փոշի կեղծել և դրանով փող աշխատել, առնվազն ծիծաղելի է:
Սա էլ հո «Օդից փող» հաղորդաշա՞րը չէ …
Արմինե Գրիգորյան
Past.am