«Հայկական վերածնունդ» կուսակցության հետքայլն ու խոստովանությունը
ПОЛИТИКА
Օրերս Past.am-ն անդրադարձել էր «Հայկական վերածնունդ» կուսակցությունից դուրս գալու հայտ ներկայացրած 5 կուսակցություններին՝ նշելով, որ վերամիավորման գործընթացն ի սկզբանե ձախողված կարելի էր համարել, քանի որ դե յուրե միավորման արդյունքում դե ֆակտո հնարավոր չեղավ բոլոր ուժերին առանց կորուստների միավորել:
Կարճ ասած՝ ինչպես հայտնի է, ինչքան էլ ջանք գործադրվի, որ ջուրն ու յուղը միասին համասեռ զանգված դառնան, միևնույն է՝ չեն կարող:
Past.am-ը ներկայացրել էր նաև «Հայոց հայրենիք» դեռևս չվերակազմավորված կուսակցության առաջնորդ Անահիտ Եղոյանի տեսակետը, որ ՀՎ-ի կողմից համագումար չհրավիրելու դեպքում իրենք պատրաստ են հարցը դատական կարգով վիճարկել:
Եվ ահա, ընդամենը օրեր անց ՀՎ մամուլի ծառայությունը հայտարարություն տարածեց, թե՝ արտահերթ համագումար է անցկացրել , քննության է առել կուսակցության հետագա գործունեության խնդիրները և որոշում ընդունել բավարարել նախկինում լուծարված և ՀՎ-ի հետ վերամիավորված կուսակցությունների ներկայացուցիչների դիմումները:
Հայտարարության մեջ, սակայն, սևով սպիտակի վրա գրված ինքնախոստովանություն էլ կա, համաձայն որի վերամիավորման արդյունքում ձևավորված կուսակցությունը չի կարողացել քաղաքական նոր ուժ հիմնադրել և հասնել իր նպատակին:
Ուշագրավ է նաև, որ ՀՎԿ-ն հայտարարել է, թե նշված գործընթացն ավարտին հասցնելուց հետո «Հայկական վերածնունդը» կմիավորվի «Օրինաց երկիր» կուսակցության հետ: Ինչը, համաձայնեք, իսկապես բավականին հետաքրքիր քայլ է, այն էլ սեփական ձախողման քայլը խոստովանելուց հետո:
Արմինե Գրիգորյան