Վաչագան Չիբուխչյանը ՀՎԿ-ից դուրս գալու և երկրի կառավարմանը մասնակցելու մասին
ПОЛИТИКА
Ինչպես արդեն Past.am-ը տեղեկացրել է, «Հայկական վերածնունդ» կուսակցության ճաքը սկսել է մեծանալ: Ավելին, ՀՎԿ-ն էլ իր հերթին է ինքնախոստովանական բնույթի հայտարարություն տարածել և տեղեկացրել, որ համաձայն է կուսակցության կազմաքանդվելուն:
Այնուամենայնիվ, դեռևս չմեկնաբանված մի հարց է մնում օդում կախված, թե ինչն այնպես չստացվեց, որը բերեց ՀՎ-ից դուրս գալուն:
«Մեր տունը Հայաստանն է» դեռևս չկազմավորված կուսակցության առաջնորդ Վաչագան Չիբուխչյանը Past.am-ի հետ զրույցում նշեց, որ իրականում ՀՎԿ-ից դուրս գալու պատճառը առանձին աշխատելու ցանկությամբ է պայմանավորված եղել:
«Մենք խորհրդարան անցնելու համար չէինք միավորվել: Մեզ այդ աթոռները չեն հետաքրքրում: Չցանկացանք ՀՎԿ-ի կազմում մնալ և ցանկացանք առանձին լինել»,-ասաց Վ. Չիբուխչյանը:
Նա նաև տեղեկացրեց, որ դեռ չի կարող ասել, թե կուսակցությունը քանի անդամ կունենա կամ ինչ ծրագրեր են պատրաստվում իրականացնել, քանի որ դեռ ոչինչ որոշված չէ:
«Դեռ ոչ մի բան չենք մտածել, ոչ մի բանով էլ չենք հետաքրքրվում: Նայում ենք իրադրությանը, թե ինչ է կատարվում մեր երկրում»,- ասաց Վ. Չիբուխչյանը:
Հարցին, թե իրենց դիտարկումներն ինչ են հուշում, ինչ քայլեր է պետք ձեռնարկել, քանի որ ապրիլից արդեն երկիրն անցնելու է խորհրդարանական կառավարման, մեր զրուցակիցն ասաց.
«Ո՞ւր ա խորհրդարան: Չգիտե՞ք, որ մենք խորհրդարան չունենք: Նենց բաներ եք ասում … Գումարով հավաքվածների խորհրդարան չի՞ դա: Ձեր կարծիքով երկիրը խորհրդարանական կառավարման է՞ անցնելու: Հայաստանում նման բան չի լինի: 10-12 հոգով կնստեն, կորոշեն, ոնց անեն: Բայց մենք ոչ մեկի դեմ պայքար չունենք ու չենք պայքարելու: Մենք պետք է մտածենք, թե ինչ ծրագրերով կարող ենք առաջ գնալ: Մենք պայքարում ենք սահմաններում: Ներսում մենք պայքարելու խնդիր չունենք»,- ասաց Վ. Չիբուխչյանը:
ՀՀ 4-րդ նախագահի թեկնածուի մասին էլ կուսակցության առաջնորդն ասաց, որ ասելու ոչինչ չունի, քանի որ նախագահի հարցը որոշողն ինքը չէ:
«Ով որ նախագահ ա դնում, թող ինքն էլ որոշի: Ես ոչ մի սպասելիք էլ չունեմ: Ոնց կա, այդպես էլ լինելու է և գնալով ավելի է վատանալու: Նախագահն ինչ կարող է անել: Ամեն ինչ կախված է ժողովրդից: Եթե ժողովուրդը իրա մասին չի մտածում, նախագահը ի՞նչ մտածի: Ամեն մի կուսակցություն ձգտում է հարստանալ, դրա համար էլ մենք ուզում ենք հեռու մնալ ամեն ինչից: Մեր անդամները ազատամարտիկներ են, զոհված ազատամարտիկների ընտանիքներ են: Այնպիսի քաղաքականություն ենք ուզում վարել, որ չխառնվենք ոչ մի բանի»,- ասաց Վ. Չիբուխչյանը:
Արմինե Գրիգորյան