Ջրամբարների լցվածությունն ընդհանուր ծավալի 25%-ն է կազմում
ЭКОНОМИКА
Ջրային տնտեսության պետական կոմիտեի մամուլի քարտուղար Սոնա Մարտիրոսյանը՝ պատասխանելով Past.am-ի հարցին, թե այս պահին Հայաստանի՝ ջրամբարներում առկա ջրային պաշարների ծավալը որքան է, նշեց, թե այս պահի դրությամբ ջրամբարներում կուտակված ջրի պաշարները կազմում են 256 միլիոն խորանարդ մետր: Այս ցուցանիշը անցյալ տարվա նույն օրվա համեմատությամբ պակաս է շուրջ 75 միլոն խմ-ով: Ընդհանուր առմամբ՝ ջրամբարների լցվածությունը այս պահին կազմում է ընդհանուր ծավալի 25%-ի չափ միայն:
-Այս տարվա նվազ տեղումների արդյունքում ջրամբարներում կուտակված ջրային պաշարներըը կարո՞ղ են ամիսներ անց խնդիրներ ստեղծել գյուղատնտեսության համար:
-Բնականաբար, եթե տեղումների քանակը չավելանա հաջորդ 2-3 ամիսներին՝ հիմնականում անձրևների տեսքով, ոռոգման սեզոնին լուրջ խնդրի առաջ կկանգնենք, քանի որ անցյալ տարվա համեմատությամբ, որն, ի դեպ, խիստ չորային էր, արդեն իսկ զգացվում է տեղումների կտրուկ պակաս: Հույս ունենք, որ գարնան ամիսներն ավելի տեղումնառատ կլինեն, և դրա շնորհիվ հնարավոր կլինի մեղմել ջրի դեֆիցիտը:
-Եթե իսկապես քանակը քիչ է, Ջրային տնտեսության պետական կոմիտեն սրա հետ կապված պլան Բ ունի՞, կամ ինչպե՞ս եք պատրաստվում «լրացնել» պակասը:
-Պլան Բ ասվածը սա է. արդեն իսկ գարնան նախապատրաստական աշխատանքներ են տարվում, մաքրվում են գետերի հուները: Արդեն իսկ մաքրվել են Ապարանի ջրամբարը սնուցող սելավատարերը, նորոգվել է Ազատի ջրամբարի հատակային ջրթողի փականը՝ առանց այդ էլ փոքր ծավալի հոսքի պայմաններում կորուստները նվազագույնի հասցնելու համար: Ոռոգման սեզոնին, եթե իրավիճակը զգալիորեն չփոխվի, Ջրային տնտեսության պետական կոմիտեն ծրագրում է ավելացնել մեխանիկական ոռոգման ծավալները, ինչից նախորդ տարիներին հնարավորինս խուսափում էր՝ էներգախնայողության նպատակով:
Պատրաստվում ենք գործարկել խորքային հորերը, նախատեսվում է նաև նոր հորերի հորատում: Բացի այդ, այս պահին բանակցություններ են տարվում ռուսական կողմի հետ՝ 10 շարժական պոմպերի ձեռքբերման մասով, որոնք, ի լրումն մեր ունեցած պոմպերի, թույլ կտան ջուրը մեկ հատվածից մեկ այլ հատված տեղափոխել ըստ անհրաժեշտության:
ՔՐԻՍՏԻՆԱ ՏԵՐ-ՄԱԹԵՎՈՍՅԱՆ