Գալու է այն օրը, երբ Իսրայելը կճանաչի Հայոց ցեղասպանության փաստը. Հայ դատի Երուսաղեմի հանձնախմբի ատենապետ
ПОЛИТИКАՀայ դատի Երուսաղեմի հանձնախմբի ատենապետ Հակոբ Սևանը համոզված է, որ Իսրայելը ճանաչելու է Հայոց ցեղասպանության փաստը, հայտնում է Past.am-ը:
Հակոբ Սևանն անդրադարձել է փետրվարի 14-ին Կնեսետում Հայոց ցեղասպանության օրը նշելու մասին օրինագծի քննարկմանը, որը ներկայացրել էր «Եշ Աթիդ» իսրայելական ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Յայիր Լապիդը: Օրինագծին դեմ է քվեարկել 41, կողմ՝ 28 պատգամավոր:
«Օրինագիծը ներկայացվել էր ոչ մեր նախաձեռնությամբ, ինչպես մինչ այս, երբ մեր աշխատանքի արդյունքում նման նախաձեռնություններով հանդես էր գալիս ընդդիմադիր «Մեերեց» կուսակցությունը: Նման օրինագիծ ներկայացնելու մասին մի քանի ամիս առաջ հայտարարել էր Յայիր Լապիդը՝ ինչ-որ առումով հաշվի առնելով իսրայելա-թուրքական հարաբերությունների վատացման փաստը»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում ասել է Հակոբ Սևանը: Նրա խոսքով՝ այժմ Իսրայելում ներքաղաքական որոշ գործընթացներ են տեղի ունենում՝ կապված վարչապետ Նեթանյահուի դեմ կոռուպցիոն մեղադրանքների հետ: Ըստ Հայ դատի Երուսաղեմի հանձնախմբի ատենապետի՝ այդ գործում որպես վկա հանդես է գալիս հենց «Եշ Աթիդ»-ի առաջնորդ Յայիր Լապիդը:
«Վերջին շրջանում մենք Հայոց ցեղասպանության հարցի շուրջ նախաձեռնություններով հանդես չենք գալիս՝ չցանկանալով շահարկել հայկական հարցը, հաշվի առնելով նաև կոալիցիոն կառավարության և ընդդիմության միջև սուր պայքարը, քանի դեռ կառավարությունը չի հաղթահարել իր ժխտողական կեցվածքը: Միաժամանակ, վստահ ենք, որ գալու է այն օրը, երբ Իսրայելը կճանաչի Հայոց ցեղասպանության փաստը՝ հաշվի առնելով, որ հայ-իսրայելական հարաբերությունները գնալով զարգանում են և ամրապնդվում, ու այլևս սառնություն չկա»,- ասաց Հակոբ Սևանը:
Նա նշել է, որ այս օրերին Իսրայելում է գտնվում Հայաստանի խորհրդարանի պատվիրակությունը, որը հանդիպումներ է ունեցել Կնեսետում, այդ թվում՝ Յայիր Լապիդի հետ:
Կնեսետում տեղի ունեցած քննարկման ժամանակ Լապիդը նշել էր. «Չկա պատճառ, որի համար Կնեսետը, որը ներկայացնում է Հոլոքոստի միջով անցած մի երկիր, չճանաչի Հայոց ցեղասպանությունն ու դրան նվիրված հիշատակության օր չունենա»:
Երկրի փոխարտգործնախարար Ցիպի Հոտովելին էլ ավելացրել էր, որ խորհրդարանական պատվիրակություն է ուղարկել Երևան՝ մասնակցելու 100-ամյա տարելիցի միջոցառումներին, սակայն պաշտոնական դիրքորոշում չի ներկայացնի՝ պայմանավորված «դրա բարդությամբ և քաղաքական հետևանքներով, և քանի որ դա հստակ քաղաքական ասոցացում ունի»:
Հայոց ցեղասպանության օրը նշելու մասին օրինագիծը առաջին անգամ էր դրվել Իսրայելի խորհրդարանի՝ Կնեսետի լիագումար նիստի քննարկմանը։ 2016թ. Կնեսետի կրթության հարցերի հանձնաժողովը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը։