Ասողները շատ են, զանգ կախողներ չկան
ОБЩЕСТВО
Այսօր երեկոյան նախատեսվում է ՀՀԿ-ի հերթական ԳՄ նիստ անցկացնել: Տեղեկություններ կան, որ նիստում ՀՀ 4-րդ նախագահի հարցն է քննարկվելու: Մյուս կողմից էլ Արմեն Սարգսյանն է կամաց-կամաց հասարակությանը «հասկացնում», որ հասել է ժամանակը, երբ ինքն անձամբ կբարձրաձայնի իր որոշման մասին:
Ասել է, թե առանձնապես շատ ժամանակ չի մնացել, և մոտեցել ենք բեմադրության վերջին արարին:
Այսինքն, այս պահին կարող ենք մասնակիորեն ամփոփել Արմեն Սարգսյանի հանդիպումների «աշխարհագրությունն» ու լրագրողների հարցերին տրված պարզ և միևնույն ժամանակ դիվանագիտական պատասխանների տողատակերը:
Պարզվեց, որ նախագահի ՀՀԿ-ական թեկնածուն ավելի շատ հետաքրքրված է կրթական հաստատություններով, քան երկրի ներկուսակցական խնդիրներով: Ասել է թե, այսկերպ նա փորձեց ցույց տալ, որ իրեն ոչ միայն քաղաքական անցուդարձը չի հետաքրքրելու, այլ հասարակականը նույնպես: Եվ զարմանալի էր, որ անգամ այդքան աղմուկ հանած Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած «Նուբարաշենի կեղտաջուր» ակցիայի մասին նա ոչինչ չէր լսել, երբ ողջ աշխարհը, անգամ ադրբեջանցիներն էին դրա մասին գրել: Ստացվում է, որ երկար տարիներ օտարության մեջ ապրած մարդու համար այնքան էլ կարևոր չէ, թե կոյուղաջրերը մարդկանց տներն է հոսում, չի հոսում, մարդիկ խնդիրներ ունեն, չունեն: Փաստորեն նա, ինչպես Անգլիայում, պատրաստվում է միայն բարձրաշխարհիկ հարցերով զբաղվել, իսկ մնացածն, ինչպես ասում են այնքան էլ հետաքրքիր չէ:
Ուշագրավ էր նաև Հայկական բարեգործական ընդհանուր միության երևանյան գրասենյակում լրագրողների հետ զրույցի այն հատվածը, որտեղ Արմեն Սարգսյանը նշել է, որ Հայաստանը շրջափակման մեջ գտնվող երկիր է` հսկայական խնդիրներով, և տնտեսությունը զարգացնելու ու ժողովրդավարությունն ամրապնդելու խնդիր ունի, ինչի համար ազգային երկխոսություն է անհրաժեշտ:
«Եվ եթե մենք մեր քաղաքացիներին, անհատներին, քաղաքական ղեկավարներին, ապագա նախագահին, վարչապետին, նախարարին կամ գյուղապետին բաժանենք յուրայինի և ոչ յուրայինի, տեղ չենք հասնի: Ես կարծում եմ, որ ազգային երկխոսությունը շատ էական է: Ժամանակն է, որ խոսենք, որովհետև մարտահրավերներն այնքան շատ են, որ մենք չենք էլ պատկերացնում»,- ասել է Ա. Սարգսյանը:
Նա նաև ասել է, որ անկախ նրանից, թե ով կլինի ՀՀ հաջորդ նախագահը, նա պետք է դառնա այն անձը, ով կսկսի այդ երկխոսությունը, որպեսզի հայությունը նորից սևի և սպիտակի, աղքատի և հարուստի, հայաստանցու և սփյուռքահայի չբաժանվի:
…. Պետք է այսպես լինի, պետք է այնպես լինի …. «և պետք է»-ների մի ողջ շարք է թվարկել …
Բոլորը, անգամ 10 տարեկանները գիտեն, թե ինչ է պետք, բայց ոչ ոք չգիտի, թե այդ «պետք է»-ն ինչպես ներմուծի կյանք ու որակ փոխի:
Թե չէ ասում են, ասում, բայց զանգ կախողներ այդպես էլ չեն հայտնվում ….
Արմինե Գրիգորյան