Կատարվում է հետաքննություն. ոստիկանությունը՝ «Գյումրի» ԲԿ-ում տեղի ունեցած վիճաբանության մասին
ОБЩЕСТВО
Երեկ հայտնի դարձավ, որ շաբաթ օրը «Գյումրի» բժշկական կենտրոնում ծեծկռտուք է եղել: Մասնավորապես, Shamsyan.com-ի փոխանցմամբ՝ «Գյումրի» ԲԿ բժիշկներ Կարեն Գրիգորյանը և Արթուր Նասիբյանը վիճաբանել են նույն հիվանդանոցի բժիշկներ Արման և Արտակ Սարգսյանների հետ, ինչից հետո վերջիններս ծեծի են ենթարկել նրանցից մեկին, ով ստացել է մարմնական վնասվածքներ։ Գյումրի քաղաքի Մուշ-2 թաղամասի բնակիչ՝ 35-ամյա Աննա Ադամյանը Ոստիկանության Կումայրիի բաժնին հայտնել է, որ նշված բժշկական կենտրոնում վիճաբանության ժամանակ Գյումրի քաղաքի բնակիչներ՝ 40-ամյա Արմեն Նասիբյանը և 33-ամյա Արթուր Նասիբյանը ոտքերով հարվածել են իր աշխատասեղանին և 10 րոպեից ավելի սեռական բնույթի հայհոյանքներ տվել իր հասցեին։
Ոստիկանությունից փորձեցինք ճշտել, թե ի՞նչ ընթացք է տրվել դեպքին:
Ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի, վերլուծության և լրատվության բաժնի պետ Էդգար Ջանոյանը Past.am-ի հետ զրույցում հայտնեց, որ փետրվարի 17-ին Ոստիկանության բաժնում տեղեկություն է ստացվել, որ Գյումրի ԲԿ-ում բժիշկների միջև վիճաբանություն է եղել:
«Կատարվում են միջոցառումներ՝ դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ: Կատարվում է հետաքննություն»,-նշեց Էդգար Ջանոյանը:
Հավելենք, որ Արթուր և Արմեն Նասիբյանները հարազատ եղբայրներ են, իսկ Ա. Ադամյանը աշխատում է նշված բժշկական կենտրոնում՝ որպես բուժքույր, Արման և Արտակ Սարգսյաններն էլ՝ որպես բժիշկներ։
Աննա Բադալյան