Շարժման 30-ամյակին նվիրված ցուցահանդես Ազատության հրապարակում
ОБЩЕСТВО
Փետրվարի 21-ին, Ազատության հրապարակում տեղի կունենա «Հայ Ազգային կոնգրես» կուսակցության կողմից կազմակերպված ցուցահանդեսի բացումը, որը նվիրված է ղարաբաղյան շարժման 30-ամյակին։
Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ Երևանի քաղաքապետի լիազոր ներկայացուցչի՝ փետրվարի 16-ի որոշմամբ ի գիտություն է ընդունվել «Հայ Ազգային կոնգրես» կուսակցության գործադիր քարտուղար Սամվել Աբրահամյանի իրազեկումը՝ փետրվարի 20-ին, 21-ին և 22-ին` ժամը 10.00-23.00-ն ընկած ժամանակահատվածում Ազատության հրապարակում հավաք անցկացնելու վերաբերյալ։
Ինչպես Past.am-ին տեղեկացրեց կուսակցության քարտուղար Արամ Մանուկյանը՝ հավաքի նպատակը ցուցահանդեսի կազմակերպումն է՝ շարժման 30-ամյակին նվիրված։ Ցուցահանդեսին կցուցադրվեն դրոշներ, պաստառներ, տրանսպարանտներ, շարժման տեսանյութեր՝ 1988-89 թթ․ վերաբերվող։ Կլինի այն ամենը, ինչն օգտագործվել է շարժման սկզբին։
«Եկե՛ք, կգաք, կտեսնեք, շատ լավ միջոցառում է։ Ուրիշ անգամ նման առիթ չի լինելու։ Նյութերը տարբեր տեղերից ենք հավաքել՝ թանգարաններից, տարբեր արխիվներից։ Լինելու է նաև Աշոտ Սարգսյանի «Ղարաբաղյան շարժման պատմություն 1988-1989» բացառիկ գրքի շնորհանդեսը։ Սա շատ ծավալուն և շարժման ամբողջ պատմությունը ներկայացնող պատմագիտական աշխատություն է»,- նշեց Մանուկյանը։
Նշենք, որ Սարգսյանի գիրքը լույս է տեսել ընդամենը օրեր առաջ, որի շնորհանդեսը տեղի կունենա վաղը երեկոյան ժամը 18-ին, Ազատության հրապարակում։
Մանուկյանի խոսքով՝ ցուցահանդեսի ընթացքում հնարավորություն կլինի տեսնել 160 ֆոտոնկար և 60 պաստառ, որոնք բոլորը թանգարանային նմուշներ են։ Դրանք մի քանի օրով կհայտնվեն Ազատության հրապարակում, իսկ այնուհետև «կվերադառնան» թանգարաններ կամ արխիվներ։
ՔՐԻՍՏԻՆԱ ՏԵՐ-ՄԱԹԵՎՈՍՅԱՆ