Հունվարը տնտեսական ցուցանիշների աճի ամիս
ЭКОНОМИКА
ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունը հրապարակել է 2018 թ. հունվարի մակրոտնտեսական ցուցանիշները: Ըստ այդմ՝ տնտեսական ակտիվության ցուցանիշը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ ավելացել է 3,4%–ով և կազմել 10,2%: Ըստ հրապարակման՝ 2014–2017 թթ. այդ ցուցանիշը տատանվել է 2–6,8%–ի սահմաններում: Ընդ որում, ինչպես հայտնում է past.am-ը, 2014 և 2015 թթ. գրանցված ցուցանիշներից (2% և 1,9%) այս տարվա ցուցանիշը ավել է հինգ անգամ:
Արդյունաբերական արտադրանքի ծավալի աճ այս տարվա առաջին ամսվա ընթացքում նույնպես եղել է. այն կազմել է 13,9%, որը նախորդ տարվա նույն ժամակահատվածի նկատմամբ ավել է 2,8%–ով: Թեև այն այս տարի ավելացել է, սակայն նախորդ տարիների հունվար ամիսներին գրանցված ամենաբարձր ցուցանիշը չէ: Սրանից երկու տարի առաջ՝ 2016 թ. այդ ցուցանիշը կազմել էր 14,5%: Իսկ դրանից առաջ էլ՝ 2014 և 2015 թթ. գտնվում էր բացասական տիրույթում՝ համապատասխանաբար -3,3 և -6,1%–ներով:
Առևտրաշրջանառության ծավալի աճը կազմել է 4,4%: Եթե 2017 թ. հունվարին այն կազմել էր 43,2%, ապա այս տարի արդեն՝ 47,6%: Ինչպես և նախորդ օրինակում էր՝ առևտրաշրջանառության աճն էլ մինչ այդ գտնվում էր բացսական տիրույթում, և միայն նախորդ տարվանից սկսած դրական փոփոխություն է գրանցվել:
Արտահանման ծավալներն այս տարվա սկզբին նույնպես ավելացել են՝ արտահանման ծավալի աճը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ ավելացել է 9,8%–ով և կազմել 45,2%: Արտահնամն ծավալների բացասկան ցուցանիշ ունեցել ենք 2015 թ., երբ այն կազմել էր -11,9%: 2016 թ. սկսած այս ցուցանիշը սկսել է կտրուկ աճել:
Ի տարբերություն արտահանման՝ ներմուծման ծավալի աճը չնչին փոփոխություն է կրել: Իհարկե այն նույնպես ավելացել է, սակայն ընդամենը 1%–ով: Եթե 2017 թ. գրանցվել է 47,9%, ապա այս տարի՝ 48,9%: Նշենք, որ 2015 թ. բացսական է եղել նաև այս ցուցանիշը, այն էլ՝ -34,1%:
Ծառայությունների ծավալի աճը այս տարվա հունվարին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ կազմել է 2,9%: Այս տարի գրանցվել է 15,2%, իսկ նախորդ տարի՝ 12,3%:
Նկատելիորեն ավելացել է նաև ներքին առևտրաշրջանառությունը՝ կազմելով 17,3%: Նախորդ տարվա հունվարին գրանցվել էր 9% և ստացվում է, որ այս տարի աճը կազմել է 8,3%:
ՔՐԻՍՏԻՆԱ ՏԵՐ–ՄԱԹԵՎՈՍՅԱՆ