Վրաստանի նախագահը մերժել է ադրբեջանցիների խնդրանքը՝ մեկ րոպե լռությամբ հարգել Խոջալուի զոհերի հիշատակը
ПОЛИТИКАԵրեկ՝ փետրվարի 26-ին, Մառնեուլ քաղաքում Վրաստանի նախագահ Մարգելաշվիլին ադրբեջանցիների հետ հանդիպում էր ունեցել «Ազատությունից մինչև անկախություն՝ հանրապետության 100 տարի» համընդհանուր վրացական քարոզչական գործընթացի շրջանակներում: Հանդիպման ընթացքում նա մերժել էր կատարել ներկա անդրբեջանցիներից մեկի խնդրանքը, այն է՝ մեկ րոպե լռությամբ հարգել այսպես կոչված Խոջալուում տեղի ունեցած դեպքերի զոհերին:
Մարգելաշվիլին ասել էր, թե անձամբ է հետևում հայ-ադրբեջանական կոնֆլիկտի շուրջ ստեղծված իրավիճակին և, որ Վրաստանը Լեռնային Ղարաբաղի խնդրի խաղաղ կարգավորման կողմակից է:
Թե որն էր պատճառը նման հայտարարության, Past.am-ը հարցրեց վրացագետ Ջոնի Մելիքյանից:
-Նման հայտարարությունը չի՞ կարող առաջացնել տեղի ադրբեջանցիների զայրույթը, և Վրաստանի նախագահի խոսքը հայերին դուր գալու նպատակ կարո՞ղ էր ունենալ:
-Այդ ադրբեջանցու արածը սադրանք էր: Վրաստանի նախագահը տարբեր համայնքներում հանդիպումներ է ունենում, կարծում եմ այդպիսի հանդիպում կլինի նաև Ախալքալաքում: Հանդիպմանը ադրբեջանցի մի երիտասարդ սադրանք է անում՝ հիշեցնելով, որ այդ օրն Ադրբեջանում հիշում էին այսպես կոչված Խոջալուի զոհերին: Սակայն նա ստանում է ադեկվատ պատասխան, որը ոչ թե պրոհայկական է, այլ՝ պրովրացական, քանի որ ցույց է տալիս, որ Վրաստանը շահագրգռված է հայ-ադրբեջանական կոնֆլիկտի խաղաղ լուծմամբ, և իրենք աջակցելու են այս գործընթացին: Բացի դրանից, եթե նույնիսկ ինչ-որ մի հայտարարություն լինի Ախալքալաքում, նա նույն կերպ բալանսավորված պատասխան պիտի տա:
Դրանում մի քանի մեսիջներ կան: Մի կողմից այն ուղղված է Բաքվին, որպեսզի իրենք չփորձեն խառնվել և Վրաստանի տարածքում Հայաստանի հետ հարցեր լուծեն, որպեսզի այդ կոնֆլիկտը իրենց տարածք չմտնի:
Պետք է հասկանալ, որ Վրաստանի նախագահն այսօրվա դրությամբ արտաքին քաղաքականության ոլորտում չկա, որոշողը նա չէ, նա ներկայացուցչական պաշտոնում է: Զուտ իր մասով փորձել է ազգային շահերից ելնելով՝ այդ հայտարարությունն անել:
Բացի այդ, ինչ-որ չափով կա նաև նախընտրական հռետորականությունը: Ցույց է տալիս, թե կողմնակից են կոնֆլիկտի խաղաղ լուծմանը և թույլ չեն տա, որ որևէ մի երկիր իրենց ներքին քաղաքականությունն ու իրավիճակն օգտագործի իր շահերին: Ստացվում է նաև, որ ինչ-որ չափով փորձեց Վրաստանի մեր համայնքի ներկայացուցիչների սիրտը շահել: Կարծում եմ, որ նույն բանը կլինի Ախալքալաքում: Կարող է այնտեղ հայտարարություն անել և ասել, որ Ադրբեջանը ստրատեգիական գործընկեր է:
Այդպիսի հայտարարություններից մենք չպետք է զարմանանք, նա փաստերով է խոսում, ասում է այն, ինչ կա այսօրվա իրավիճակում և Վրաստանի արտաքին քաղաքականության ոլորտում:
ՔՐԻՍՏԻՆԱ ՏԵՐ-ՄԱԹԵՎՈՍՅԱՆ