Արմեն Պողոսյան. «Առողջապահության նախարարությունը չկարողացավ օրենքի սահուն անցում ապահովել»
ОБЩЕСТВО
Այսօրվանից Հայաստանի բոլոր դեղատներում հակաբիոտիկները, հորմոնալ և կոդեին պարունակ դեղերը կվաճառվեն միայն դեղատոմսով:
Մինչ այս, սակայն, վերջին մի քանի օրերի ընթացքում դեղատներում հերթեր էին գոյացել: Մարդիկ դեղատոմսով վաճառվելիք դեղերի իրենց պաշարն էին հավաքում:
«Սպառողների միության» նախագահ Արմեն Պողոսյանի դիտարկմամբ՝ ՀՀ առողջապահության նախարարությունը չկարողացավ օրենքի սահուն անցում ապահովել:
«Ամեն օրենք, առհասարակ, ունենում է անցումային դրույթներ, որտեղ պետք է հաշվի առնվեն բոլոր հանգամանքները: Մարդը «զապաս» 5 կամ 15 հատ դեղ է գնել: Բայց նա ի՞նչ մեղք ունի, նա չպետք է տուժի: Մեր բոլոր գործողությունները պետք է ուղղված լինեն սպառողին ավելի հարմարավետ կյանք ապահովելուն: Կա մի հին ասացվածք՝ «դժոխքի ճանապարհը բարի նկատակներով է պատած»: Բարի նպատակը, սակայն, երբեմն կարող է հակառակ արդյունքը տալ: Վստահ ասում եմ՝ վերոնշյալն, իհարկե, բարի նպատակ է: Չի կարելի մարդկանց խորհուրդներով դեղ գնել ու օգտագործել»,-անդրադառնալով օրենքի փոփոխությանը՝ Past.am-ի հետ զրույցում ասաց Արմեն Պողոսյանը:
Նրա խոսքով՝ օրենքի փոփոխության ամենակարևոր պահն այն է, որ սպառողն ամեն անգամ ստիպված է լինելու դիմել բժշկի. «Իսկ դիմել բժիշկի՝ նշանակում է գումար վճարել: Սա լրացուցիչ ծախս է: Բժշկին այցելելը մոտավորապես արժե 5000 դրամ, երբեմն՝ ավելի շատ: Պետք է գտնվեն լուծումներ, որ մարդիկ լրացուցիչ ծախս չանեն: Մյուս կողմից՝ դեղերի ոլորտն այնպիսի սպեցիֆիկ ճյուղ է, որը չի կարելի բարձիթողի վիճակում թողնել: Ուրեմն՝ թող բժշկի այցելություններն անվճար դարձնեն կամ գոնե զեղչային համակարգ գործի: Օրինակ՝ այն դեպքերում թող գործի, երբ մարդը մշտապես իր պոլիկլինիկայի հետ կապի մեջ է: Բոլորը գիտեն, որ շաքարախտը չի բուժվում: Եթե մարդը հաշվառման մեջ է, թող այնպես անեն, որ նա ամեն այցելության ժամանակ գումար չվճարի: Ես ասում եմ պարզագույն օրինակը, երբ շաքարախտով հիվանդ մարդը դատապարտված է միշտ խմել համապատասխան դեղերը: Ինչո՞ւ պետք է դեղերի ամեն մի խմբաքանակի համար նա նորից այցելի բժշկին: Լուծումներ բավականին պարզունակ են»
Բացի այդ կոռուպցիոն ռիսկերից, որը կապված է բժշկին այցելելու և համապատասխան դեղատոմս, այնուամենայնիվ ձեռք բերելու հետ, Արմեն Պողոսյանը նաև շեշտեց. «Երբ այցելում ես բժշկի՝ դռան վրա գրված է ՝պետք է վճարես ու նոր մտնես: Մինչդեռ պետք է հակառակը լինի: Հնարավո՞ր է չէ, որ իմ այցելությունը որևէ արդյունք չտա, որևէ լուծում չլինի: Բայց եթե բժիշկը բացատրում է, որ քո գանգատի մասնագետը չէ, այնուամենայնիվ, դու կրկին գումար ես վճարում: Մեծ հաշվով՝ կան ավելորդ ծախսեր: Իսկ եթե դիմեք բարձրակարգ բժշկի, նրա մոտ այցելությունն արդեն մոտ 15 հազար դրամ է»:
Արմեն Պողոսյանի խոսքով՝ տեսականորեն հնարավոր է նաև այն, որ դեղատները դեղերի ստվերային վաճառք իրականացնեն:
«Բայց այս առումով այդքան մռայլ չեմ ուզում գտնվել, լավատես եմ: Դեղատանը կոռուպցիոն դեպքերի երբևէ չեմ հանդիպել: Ես գտնում եմ, որ ոչ թե պետք է փոխել այսօրվանից ընդունված կարգը, այլ ի օգուտ սպառողի պետք է շտկումներ մտցնել: Սա նշանակում է հասարակության ու պետական մարմնի՝ տվյալ դեպքում առողջապահության նախարարության համատեղ աշխատանք: Հասարակական կազմակերպությունների հետ երբեմն հանդիպումներ են լինում, բայց դրանք պետք է ավելի կանոնակարգված և պարբերական բնույթ կրեն: Հիմա խնդիր է հասունացել: Մի քիչ կենցաղային լեզվով եմ խոսում, բայց թող հրավիրեն ու քննարկենք: Հասարակական ու պետական մարմինների մեջ պետք է բարյացակամ երկխոսություն լինի: Ինձ ընդունել են, բայց ոչ միշտ է, որ հանդիպմանը պրակտիկ քայլեր ու հստակ հետևանքներ կամ արդյունքներ են հաջորդել»,-եզրափակեց մեր զրուցակիցը:
Հավելենք, որ հուլիսի 1-ից դեղատոմսով կվաճառվի նաև ներարկումային և օնկոլոգիական դեղորայքը, իսկ հոկտեմբերի 1-ից` մնացած բոլոր դեղերը, որոնք նախատեսված են կառավարության «Դեղատոմսերի ձևերը, դեղատոմսեր գրելու, դեղեր բաց թողնելու (ներառյալ՝ էլեկտրոնային եղանակով) կարգը, ինչպես նաև դեղերի և դեղանյութերի հաշվառման կարգը սահմանելու մասին» որոշմամբ։ Մեր երկրում գրանցված 4700 անուն դեղերից 2700-ը բաց կթողնվեն բացառապես դեղատոմսով։
Աննա Բադալյան