Կանայք նկարիչների միության սրահը գարնանային գույներով էին լցրել
КУЛЬТУРАՀայաստանի նկարիչների միության սրահը լի էր գարնանային գույներով: Ավանդույթի համաձայն՝ ինչպես ամեն տարի, այս տարի ևս Կանանց միջազգային տոնի կապակցությամբ նկարիչների միությունում բացվեց կին նկարիչների ստեղծագործությունների ցուցահանդեսը:
Սրահը գարնանային գույներով էին լցրել թե՛ երիտասարդ և թե՛ ստեղծագործական ավելի մեծ ճանապարհ անցած նկարչուհիները:
«Մոտ 90 հեղինակ է մասնակցել ցուցահանդեսին: 100-ից ավելի ստեղծագործություններ կան: Ներկայացված են գրաֆիկա, քանդակ և դեկորատիվ արվեստի գործեր: Նախկինում եղել են ցուցահանդեսներ, երբ ստեղծագործողները բացառապես տղամարդիկ են եղել, բայց ցուցահանդեսի թեման կրկին կինն է եղել: Այս անգամ հեղինակները բացառապես կանայք են: Ծաղիկներ, բնություն, վերացական արվեստի որոշ նմուշներ… Ինչպես ամեն տարի՝շատ ուրախ ու գեղեցիկ ցուցահանդես է»,-Past.am-ի հետ զրույցում ասաց նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանը՝ հավելելով, որ արդեն մի քանի տարի է նվերներով ու շնորհավորանքներով իր մասնակցությունն է ունենում Հայաստանի հանրապետական կուսակցության կանանց խորհուրդը: Երիտասարդ գրաֆիկ-նկարչուհի Մարիամ Գալստյանը, ով բազմաթիվ միջազգային ու հանրապետական մրցույթների մրցանակակիր է, առաջին անգամ է մասնակցում ցուցահանդեսին:
«Հետևում եմ նկարիչների միության հայտարարություններին՝ կապված առաջիկա ցուցահանդեսների հետ: Որոշեցի մասնակցել, քանի որ, ըստ իս, շատ կարևոր է մասնակցել տարբեր ցուցահանդեսների՝ հասկանալու համար, թե քո աշխատանքներն ինչ տեղ են զբաղեցնում արվեստում: Կանանց տոնն է, և կանանց նկարները ցուցադրվում են նկարիչների միությունում, ինչը հրաշալի է»,-մեզ հետ զրույցում ասաց նկարչուհին:
Ինչ վերաբերում է ներկայացված բոլոր գործերին, Մարիամ Գալստյանը նշեց, որ սրահում կնոջը բնորոշ թարմություն կա. «Կա գարնանային տրամադրություն, քանի որ ներկայացված գործերի մեծամասնության մեջ ծաղիկներն ու գարունն են արծարծվել»:
Աննա Բադալյան