2016-ին շատ կծախսենք, քիչ կստանանք. քննարկվում է բյուջեի նախագիծը
ЭКОНОМИКАԱյսօրվանից Ազգային ժողովում մեկնարկել է 2016 թվականի պետական բյուջեի վերաբերյալ օրինագծի քննարկումները: Քննարկումներից պարզ է դառնում, որ նախագծում եկամուտների ընդհանուր գումարը ծրագրված է 1 տրլն 183 մլրդ դրամի չափով` 2015 թվականի համար հաստատված 1 տրլն 191.5 մլրդ դրամից և 2014 թվականի փաստացի ստացված 1 տրլն 094.1 մլրդ դրամ համադրելի գումարների դիմաց:
Այս կերպ ասած` եկամուտներն այս տարի 8.5 մլրդ դրամով կրճատվել են: ՀՀ 2016 թվականին պետական բյուջեի եկամուտներ/ՀՆԱ հարաբերությունը կկազմի 21.7%` 2015թ. համար հաստատված 24.5%-ի և 2014թ. փաստացի 22.6%-ի դիմաց:
2016 թվականի ծախսերի գծով նախատեսված է ՀՆԱ-ում տեսակարար կշռի նվազում մինչև 25.2 տոկոսով, ընդ որում, ծախսերի կառուցվածքում փոքր-ինչ ավելացել է կապիտալ ծախսերի բաժինը՝ կազմելով ընդհանուր ծախսերի 9.4 տոկոսը: Այլ կերպ ասած` բյուջեի ծախսային մասը 2015 թվականի բյուջեի հաստատված մակարդակի համեմատ կավելանա 68.1 միլիարդ դրամով: Այսինքն` ունենք ծախսերի ավելացում, բայց եկամուտների նվազում: Նախագծի համար Հայաստանի պետական բյուջեի պակասուրդը 2016 թվականին կաճի 2.2 տոկոսով և կկազմի ՀՆԱ-ի 3.5 տոկոսը։
Լիլիթ Լալայան